Օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման պատճառով Վրաստանի իշխանությունների դեմ սահմանափակումներ կիրառելու ԱՄՆ որոշումը Վրաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու փորձ է։ Այս մասին ասված է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ։
«[ԱՄՆ պետքարտուղար] Էնթոնի Բլինկենի հայտարարությունը եւ վիզային սահմանափակումների հետ շանտաժը ոչ այլ ինչ են, քան Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը սահմանափակելու կոպիտ փորձ, ինչը հատկապես ցինիկ է թվում, քանի որ Վրաստանը երկու օրից նշում է Անկախության օրը»,-ասվում է հայտարարության տեքստում։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն էր տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի անունից, որտեղ նշվում էր, որ Վաշինգտոնը ԱՄՆ մուտքի վիզաների սահմանափակում է ներդնելու վրաց այն գործիչների նկատմամբ ովքեր նպաստել են «ժողովրդավարության խաթարմանը»։