Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնել ուկրաինական պատերազմը հրադադարի բանակցությունների միջոցով, որոնք կամրագրեն առաջնագծում կողմերի ներկայիս զբաղեցրած դիրքերը։ Այս մասին Reuters-ին հայտնել են ՌԴ նախագահի հետ աշխատած, ներկայումս աշխատող ռուսական քաղաքական ու գործարար շրջանակների բարձրաստիճան աղբյուրներ։
Գործակալության զրուցակիցների կարծիքով, եթե Կիեւն ու Արեւմուտքը չարձագանքեն ՌԴ նախագահի առաջարկին, Պուտինը պատրաստ է շարունակել պատերազմը։
Նախագահի շրջապատի քննարկումներին ծանոթ երեք աղբյուրներ պնդում են, որ Պուտինը «հիասթափություն է հայտնել» իր խորհրդականների մի փոքր խմբին, եւ կարծիք է հայտնել, որ Արեւմուտքը փորձում է ձախողել նման բանակցությունները, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ընդհանրապես մերժում է դրանք:
«Պուտինը կարող է կռվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, բայց Պուտինը պատրաստ է նաեւ հրադադարի՝ պատերազմը սառեցնելու համար», — գործակալությանը ասել է չորրորդ աղբյուրը, բարձրաստիճան ռուս պաշտոնյան, որը տեղյակ է Կրեմլի բարձր մակարդակի քննարկումներին:
Պուտինը կարծում է, որ պատերազմում արդեն իսկ ձեռք բերված հաջողությունները բավական են ռուս ժողովրդին հաղթանակ «վաճառելու» համար, ասել են Reuters-ի երկու զրուցակիցներ։ Նրանք նաեւ նշել են, որ Պուտինը հասկանում է, որ ցանկացած նոր առաջխաղացում ճակատում կպահանջի մոբիլիզացիայի եւս մեկ ալիք, որը նա չի ցանկանում ձեռնարկել:
Գործակալության զրուցակիցներից մեկը պնդում է, որ 2022 թվականի սեպտեմբերին հայտարարված մոբիլիզացիան իջեցրեց ռուսների շրջանում Պուտինի ժողովրդականության մակարդակը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ի պատասխան Reuters-ի մեկնաբանության խնդրանքի, ասել է, որ Պուտինը բազմիցս հասկացրել է, որ Ռուսաստանը իր նպատակներին հասնելու ճանապրհին բաց է երկխոսության համար՝ հավելելով, որ նա չի ցանկանում «հավերժական պատերազմ»։