Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահքնայի։
ՀՀ ԱԳ նախարարության հաղորդման համաձայն կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ երկկողմ գործընկերության օրակարգին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
«Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ համագործակցության շրջանակն իրապես էականորեն ընդլայնվում է՝ ընդգծելով ԵՄ բոլոր անդամ պետությունների աջակցությամբ առկա գործիքակազմի միջոցով նոր ուղղություններով նոր հանգրվանների հասնելու կարեւորությունը: Նախարար Միրզոյանը հավելել է, որ բարձր է գնահատում Էստոնիայի ակտիվ ներգրավածությունն այս ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Տարածաշրջանային զարգացումների համատեքստում էլ, հայտարարության համաձայն, նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը:
Դիվանագետները գոհունակություն են հայտնել Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ ընդլայնվող քաղաքական երկխոսության համար, ինչին նպաստում են երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններն ու տարբեր հարթակներում ակտիվ շփումները:
Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան էլ իր թվիթերյան էջում գրել էր, որ զրույցի ընթացքում Միրզոյանը Հայաստանի աջակցություննե էր հայտնել Տալինին՝ Ռուսաստանի հետ սահմանային հատվածի միջադեպի շրջանակներում։
«Զրուցեցի իմ լավ ընկեր եւ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, ով հայտնեց Հայաստանի աջակցությունը մեր նախօրեի սահմանային միջադեպին»․-գրել է Ցահքնան։
Նշենք, որ նախօրեին Էստոնիայի սահմանապահ ծառայությունները հայտնել էին, որ գիշերը ռուս սահմանապահները հեռացրել էին Նարվա գետի վրա տեղադրված լուսային խարսխավոր լողանները, որոնք նախատեսված են նավարկության երթուղին նշելու համար։ Էստոնիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ «խավարի քողի ներքո Ռուսաստանի արած այս քայլը տեղավորվում է Ռուսաստանի սադրիչ պահվածքի ավելի լայն պատկերի շրջանակներում, որոնք ներառում են հարեւան երկրների հետ սահմանները»: