Հաագայի ՄԱԿ միջազգային դատարանը հրապարակած վճռով Իսրայելից պահանջում է անհապաղ դադարեցնել հարձակումը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում՝ պատճառաբանելով քաղաքացիական բնակչության պաշտպանության համար ձեռնարկված անբավարար միջոցները։ 15 դատավորներից կողմ են քվեարկել 13-ը, դեմ՝ երկուսը։
Բացի այդ, դատարանի որոշման մեջ ասվում է, որ Իսրայելը պետք է ապահովի ողջ անհրաժեշտ մարդասիրական օգնության առաքումը Գազայի հատված, իսկ դրա համար բաց պահի Ռաֆահի սահմանային անցակետը։
Խոսքն, այսպես կոչված, Իսրայելի դեմ հրատապ միջանկյալ միջոցների կիրառման մասին է, որը եւ բավարարվել է Հարավաֆրիկյան Հանրապետության եւ մի շարք այլ երկրների ներկայացրած հայցերի հիման վրա։
Դատարանը Իսրայելին նաեւ պարտավորեցրել է ապահովել Գազայի հատված քննչական եւ փաստահավաք առաքելությունների ներկայացուցիչների մուտքը եւ մեկամսյա ժամկետում դատարանին ներկայացնել այսօր հանձնարարված միջոցառումների կատարման վերաբերյալ առաջընթացի հաշվետվությունը։
Բացի այս վճռի մեջ նշվում է, որ «Դատարանը լուրջ մտահոգություն է հայտնում պատանդների ճակատագրի վերաբերյալ եւ կոչ է անում անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել նրանց։ Մենք խորապես մտահոգված ենք, որ նրանցից շատերը դեռ գերության մեջ են»։