«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 26-ին տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում վարչապետի թեկնածու առաջադրեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին: Այս մասին հայտարարեց արեւելագետ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը:
Հանդիպումներ են անցկացվել բոլոր ոլորտների ներկայացուցիչների, խմբերի հետ՝ կուսակցություններից մինչեւ հասարակական միավորներ: Բոլոր հանդիպումների եւ քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել է այն կարծիքին, որ վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանը պետք է լինի։
Մելիքյանը հավելեց՝ արքեպիսկոպոսի համար ծանր որոշում է, քանի որ փոխվելու է նրա կյանքի ընթացքը։ Բայց սա էլ ծառայության ամենակարեւոր մասն է, որ իր երկրին, իր հողին, իր ժողովրդին ծառայող մարդը կարող է իրականացնել:
Այնուհետեւ հանրահավաքի մասնակիցները սկսեցին վանկարկել՝ «սրբազան՝ վարչապե՛տ»։
«Վարչապետի թեկնածու լինելու առնչությամբ Վեհափառ հայրապետի նախագահությամբ իմ հոգեւոր եղբայրների հետ ունեցած քննարկումների արդյունքում անդրադարձ ենք ունեցել։ Ես հոգեւորական լինելու հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։ Վեհափառ հայրապետին եւ իմ հոգեւոր եղբայրներին ներկայացնելով իրավիճակը՝ խնդրել եմ երեսնամյա իմ հոգեւոր ծառայությունը սառեցնել»,- հայտարարեց շարժման առաջնորդը։
Ըստ նրա՝ կատարյալ կլիներ, որ չլիներ այսպիսի իրավիճակ, բայց հանգամանքներն են հանգեցրել դրան։ Հետագայում նա վերստին վերադառնալու է հոգեւոր ծառայության, պարզապես հիմա դադար է առնում։ Հիմա Տավուշի թեմում չէ, բայց շարունակում է մնալ արքեպիսկոպոս, այսինքն՝ կարգալույծ չէ։
Առաջիկա օրերին տեղի են ունենալու խաղաղ անհնազանդության ակցիաներ։ Բազմաթիվ քաղաքացիներ միացել են պայքարին։ Շատերն արտերկրից են Հայաստան ժամանել՝ շարժմանը միանալու։
Վազգեն Մարտիրոսյանը Ռուսատանից է եկել։ Հայաստանում մնալու է այնքան, մինչեւ պայքարը հաջողի, իշխանափոխություն լինի։ Նա հույս ունի, որ առաջիկայում կտեղափոխվի հայրենիքում ապրելու։
«Ներքին համոզմունք ունեմ, որ Բագրատ սրբազանն, իսկապես, ազնիվ մարդ է։ Նա համախմբել է հազարավոր մարդկանց։ Մեր հայրենիքն աղետալի վիճակում է։ Սա շանս է մեր երկիրը փրկելու։ Որքան պետք է, կպայքարեմ փողոցում, մինչեւ հաղթենք»,- ասում է մեր զրուցակիցը։
Շարժմանը մասնակցող կովկասագետ Կարեն Իգիթյանն էլ նկատել է՝ ժողովուրդը սրբազանին այս կամ այն քաղաքական ուժի, կուսակցության հետ չի կապում, ուստի վստահում է նրան։ Հիմա որոշ գործիչներ իզուր են «նախկինների» թեման կրկին ասպարեզ բերում՝ ջանալով նրանց անունը կապել սրբազանի անվան հետ։ Մարդիկ հասկացել են՝ նրան որևէ քաղաքական ուժ չի ուղորդում, նա պայքարում է հայրենիքն այս դժվարին վիճակից դուրս բերելու համար։
Շուշեցի Ժաննա Սարգսյանը համոզված է՝ ճշմարտությունը պիտի հաղթի։ Նա վստահ է՝ վերադառնալու են Արցախ։ Եթե այս հույսը չլինի, ապրելն անհնար կլինի։
«Արցախին հաջորդում են այլ բնակավայրեր, որոնք հանձնվում են թշնամուն։ Ցավոք, այս կորուստները լինելու են շարունակական, քանի այս իշխանությունը կա։ Պիտի դադարեցնենք այս անկումը։ Եթե այս իշխանությունը մնա, այսպես մաս-մաս կորցնելու ենք հայրենի հողերը»,- ասաց Ժաննա Սարգսյանը։
Մանե Բոզոյանն ակտիվորեն մասնակցում է հանրահավաքներին ու խաղաղ անհնազանդության ակցիաներին։
Քաղաքացին վստահ է՝ մենք կանք ու հայրենիք ունենք, քանի որ պահպանել ենք մեր ազգային արժեքները, ինքնությունը, իսկ այս իշխանության գաղափարախոսությունն ու քաղաքականությունը որեւէ առնչություն չունի մեր ազգային արժեքների հետ։ Նրանց արժեքները կործանարար են։
«Ես վստահում եմ այս պայքարի առաջնորդին։ Մարդիկ հավատ ունեն նրա նկատմամբ։ Պիտի պայքարենք ու հաջողենք»- ասում է Մանեն։
Ստեփանակերտցի Անուշիկ Պողոսյանի յոթ հոգանոց ընտանիքն այժմ Երեւանում է ապրում։ Բոլորով են մասնակցում հանրահավաքներին։
«Աստված պահի Հայաստանում ապրողներին․ մեզ էստեղ տեղ են տվել, բայց ախր Արցախն ուրիշ էր․․․ Կարոտում ենք։ Երեք պատերազմ ենք տեսել, մատա՛ղ։ Շատ դժվար օրեր ենք ունեցել։ Հիմա լսում ենք Բագրատ սրբազանին, հավատում նրան։ Եկել ենք հանուն հայրենիքի։ Պիտի ելնենք փողոց, որ մի կարող մարդ դառնա ղեկավար, մեզ էս վիճակից հանի»,- ասում է Անուշիկ Պողոսյանը։
Հարցին՝ իսկ հավատո՞ւմ եք, որ վերադառնալու եք Արցախ, Անուշիկ տատը, հույսով լի աչքերով նայելով, ժպիտով հավատացնում է․ «Բա իհարկե՛, մատա՛ղ։ Վերադառնալու ենք, անպայման վերադառնալու ենք։ Նաեւ այդ հավատն է մեզ համախմբել Բագրատ սրբազանի շուրջ»։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։