Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը կողմ է քվեարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» («օտարերկրյա գործակալների» օրենք) օրենքի վրա դրված նախագահի վետոն չեղարկելուն։
Խորհրդարանը իր վերջնական խոսքը կասի մայիսի 28-ին՝ կայանալիք լիագումար նիստում: Սպասվում է, որ իշխող «Վրացական երազանքը», որը խորհրդարանում ունի բավարար ձայներ նախագահի վետոն չեղարկելու համար, կրկին կողմ կքվերակի եւ վերջնականապես օրենքը կմտնի ուժի մեջ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո էր դրել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա։ Նա օրենքը անվանել էր «էությամբ եւ ոգով ռուսական», որը հակասում է Վրաստանի սահմանադրությանը եւ «բոլոր եվրոպական չափանիշներին», ինչպես նաեւ խաթարում՝ Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրման ուղին։
Նա պարզաբանել էր, որ օրենքը հակասում է Վրաստանի Սահմանադրության չորս հոդվածներին. միավորվելու իրավունք (հոդված 22), անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության, անձնական տարածության եւ հաղորդակցության իրավունք (հոդված 15), հավասարության իրավունք (հոդված 11) եւ ինտեգրում եվրոպական ու եվրատլանտյան կառույցներին (հոդված 78)։