Ռուսաստանը եւ Ուզբեկստանը կշարունակեն սերտ համագործակցությունը միջազգային այնպիսի հարթակներում, ինչպիսին է ՄԱԿ-ը։ Այս մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հանրապետություն կատարած պետական այցից հետո երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
«Կողմերը կշարունակեն սերտ փոխգործակցությունը ՄԱԿ-ի եւ նրա մասնագիտացված մարմինների, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) եւ այլ միջազգային կազմակերպությունների ու ֆորումների շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարությունում գոհունակություն է հայտնվել ԱՊՀ-ում Մոսկվայի եւ Տաշքենդի փոխգործակցության կապակցությամբ, նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Շավքաթ Միրզիյոեւը «համագործակցությունը դիտարկում են որպես բազմակողմ համագործակցության արդյունավետ մեխանիզմ»:
Միեւնույն ժամանակ, Ուզբեկստանը «բարձր է գնահատում ԱՊՀ-ում Ռուսաստանի Դաշնության ներկայիս նախագահությունը եւ իր պատրաստակամությունն է հայտնում ակտիվորեն նպաստելու առաջնահերթությունների իրականացմանը»:
Երկու երկրները մտադիր են շարունակել աշխատել Տաշքենդի եւ ԵԱՏՄ-ի միջեւ փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ՝ «առեւտրատնտեսական եւ համագործակցության կապերն էլ ավելի խորացնելու համար»։
Ուզբեկստանը ԵԱՏՄ անդամ չէ, սակայն դրանում դիտորդ է 2020 թվականից։