Ուկրաինան եւ Իսպանիան համաձայնագիր են ստորագրել անվտանգության ոլորտում համագործակցության մասին, հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։ Սա արդեն տասներորդ նման համաձայնագիրն է, նշում է «РБК-Украина»-ն։
«Մենք հիմա ստորագրել ենք քաղաքական համաձայնագիր, որը շատ կարեւոր դեր ունի։ Սա պայմանագիր է ապագայի համար, եւ դա մեր վճռականության օրինակն է՝ Ուկրաինային տրամադրել բոլոր գործիքները՝ Ուկրաինայի կայունությունը ապահովելու համար։ Մենք արդեն տասներորդ երկիրն ենք, որը նման համաձայնագիր է ստորագրել Ուկրաինայի հետ՝ ինչպես նախորդ տարի G7-ի հռչակագրի շրջանակներում էր»,-մեջբերում է ուկրաինական լրատվականը Սանչեսի խոսքերը։
Նա նաեւ հավելել է, որ պայմանագրում ընդգրկված թեմաներից են աջակցությունը, վերակառուցումը, վերականգնումը եւ ականազերծումը:
«Իսպանիան երկու տարվա ընթացքում մեծ աջակցություն է ցուցաբերել եւ պարտավորվել է տրամադրել լրացուցիչ 1 մլրդ․ եվրո աջակցություն՝ Ուկրաինայի հնարավորություններն ուժեղացնելու համար»,-ասել է Իսպանիայի վարչապետը։
Սանչեսը հաստատել է, որ ռազմական օգնության նոր փաթեթը կներառի նաեւ հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարումներ։