Երեք տարի առաջ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ էին: Մինչ այդ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին առաջարկեց քաղաքական համերաշխությամբ ձեւավորել միասնական ցուցակ եւ անհատապես իշխանության չվերադառնալու պայմանով գնալ ընտրությունների՝ նպատակ ունենալով ձեւավորել զուտ պրոֆեսիոնալ կամ, ինչպես ընդունված է ասել՝ տեխնոկրատների կառավարություն:
Երկրորդ եւ երրորդ նախագահներն այդ գաղափարը մերժեցին: Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը «փորձում է փակել դեպի իշխանություն իր ճանապարհը»:
Ոչ ոք վստահ չէ, որ նախկին նախագահների ապաքաղաքական դաշինքը հաջողության կհասներ, բայց հակառակն էլ չես պնդի: Եւ այսօր ունենք իրավիճակ, երբ երեսուն կամ քսան հազար ցուցարարների առաջնորդն ասում է, որ իրացնում է «ժողովրդի կամքը»: Միչնդեռ հայտնի չէ, թե վաղը քանի՞ հազար մարդ է կանգնելու իշխանության կողքին: Ժողովուրդն իր մեծամասնությամբ առայժմ լուռ է:
2021-ի խորհրդարանական ընտրություններով ՔՊ կուսակցությունը եւ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելու եւ եվրաատլանտյան աշխարհակարգին ինտերգրելու մանդատ չեն ստացել: Նրա նախընտրական ծրագրում նման դրույթ չկա: Նույն քաղաքացիները միաժամանակ ինստիտուցիոնալ ընդդիմությանը Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության մանդատ չեն տվել: Հակառակ դեպքում նա կլիներ իշխանություն, Նիկոլ Փաշինյանն՝ ընդդիմություն:
Այսօր ընդդիմությունը հռչակել է իշխանափոխության օրակարգ, բայց ընտրել մի գործիքակազմ եւ վարք, որ հիշեցնում է 2018 թվականի «հեղափոխական» Նիկոլ Փաշինյանին՝ փողոցներ փակել, կաթվածահար անել Երեւանը, մարզերից ավելի մեծ թվով համակիրներ բերել, ինչ-որ տեղ «ամոթանք տալ» մտավարականներին, ուսանողությանը…
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին Ստեփանակերտից հազարավոր մարդիկ էին գալիս: Ընդդիմության հանրահավաքներին զգալի է բռնատեղահանված արցախցիների գործոնը:
Ստացվում է պարադոքս. Փաշինյանին քննադատելով իշխանազավթման եւ պոպուլիզմի մեջ, ընդդիմությունը շարժվում է գրեթե նույն սցենարով: Սահմանադրությամբ իշխանության կրողը քաղաքացին է, Հայաստանի ժողովուրդը: Եւ միայն նա կարող է ասել, որ Նիկոլ Փաշինյանը վստահության մանդատը սպառել է, երկրին նոր քաղաքական միտք, նոր պլատֆորմ, նոր իշխանություն է պետք:
Ինչպե՞ս «արթնացնել» քաղաքացուն:
«Այդ մեկը դու ես» կարգախոսը Նիկոլ Փաշինյանինն է:
Ակնհայտ է, որ «մեկը» փողոցային-հրապարակային քաղաքականությունից հոգնել է, եւ ոչ ոքի մեծ հաշվով չի հավատում: Բայց «մեկը» պիտի իմանա, որ Հայաստանի ճակատագիրն, իրոք, կախված է իր «այո» կամ «ոչ»-ից: Քաղաքական տրամաբանությամբ՝ նրան «արթնացնելու» շահառուն ընդդիմությունն է, նրան է պետք, որ «մեկն» իր «ոչ»-ն ասի եւ Փաշինյանին հրաժարական պարտադրի:
Փողոցում եւ հրապարակում չի ստացվում:
Ըստ երեւույթին՝ չի էլ ստացվելու, որովհետեւ ընդդիմությունը մի գերկարեւոր հարցի պատասխան չունի. Փաշինյանի հրաժարականին հաջորդած հինգ-տասը րոպեներին Հայաստանն ի՞նչ է ասելու Ադրբեջանին, Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային, Վրաստանին, Եվրոմիությանը, Միացյալ Նահանգներին:
«Ի՞նչ կցանկանայիք» հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Հայաստանը տեսնել Եվրոմիության անդամ»: Սա դոկտրին է: Ի՞նչ է ցանկանում ընդդիմությունը՝ կարծես թե հայտնի է. «Հայաստանը մնա ՀԱՊԿ, ԵՏՄ անդամ՝ Ռուսաստանի ազդեցության գոտում»: Քաղաքական ուժերի մի մասը՝ Փաշինյանի տեսլականի, մյուսն ընդդիմության պլատֆորմի ջատագովն է:
Պետք է հարցնել «մեկին»՝ Հայաստանի քաղաքացուն, ում պատկանում է իշխանությունը: Ինչպե՞ս: Միակ օրինական եւ քաղաքակիրթ ճանապարհը հանրաքվեն է:
Իհարկե, այստեղ էլ ռիսկեր կան, բանավեճը կարող է բերել քաղաքացիական դիմակայության: Բայց մի՞թե մենք արդեն այդ սահմանին չենք: Փողոցային պայքարը երկխոսության շատ քիչ ռեսուրս ունի: Իսկ Հայաստանի աշխարհաքաղաքական-քաղաքակրթական, անվտանգային ընտրության գերխնդրի շուրջ, եթե գերակա ընդունվի համաժողովրդական կամարտահայտությունը, քաղաքական համաձայնության հասնել հնարավոր է:
Եթե, իհարկե, այս ամեն ինչը «կապկազ-թամաշա» չէ:
Բայց չէ՞ որ վերջին հարյուր տարում այդպես մի քանի անգամ եղել է: Եվ Հայաստանը միշտ կորցրել է: Եւ մի իրավիճակ է, երբ ոչ թե Հայաստանը կարող է կորցնել, մենք կարող ենք Հայաստանը կորցնել:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։