Մեկ օր առաջ Դեբեդի ջրերով հեղեղված Ալավերդին տիղմի մեջ է․ ջրերը հետ են քաշվել, ահռելի վնասներն արդեն տեսանելի են։
Բնակելի հատվածներից առավել տուժածը Սանահին կայարան թաղամասն է։ Այստեղ նախկինում էլ Դեբեդը ավերածություններ է արել (գերեզմանների, անասնագոմերի փլուզում եւ այլն)։
Թաղամասի՝ երկաթգծի կայարանամերձ հատվածին տեղացիները Կայարանի թաղ են ասում։ Դեբեդն այստեղ անմիջապես չորս շենքի առջեւով է հոսում։ Ջրերը երկրորդ հարկ են հասել։
Երրորդ շենքի առաջին հարկի բնակարններից մեկում Բախչինյանների 5 հոգանոց ընտանիքն է ապրում, այդ թվում՝ երեխաներ։ Աղետի գիշերը ժամը մեկին ջրի աղմուկից են հասկացել, որ շքամուտքը ջրով է լցվել։ Հետո սկսել են զանգել հարեւաններին։ Առաջին հարկում ապրողները վերեւ են բարձրացել։
Բախչինյանները չորս սենյականոց նորոգված բնակարանն ու նոր կահույքը կորած են համարում։ Տուն չկա, ասում է Կարեն Բախչինյանը, հայրն էլ կողքից անձնագիր ունեցող խեղդված շան ու ջրի քշած-տարած խոզերի մասին է պատմում։
Մինչեւ առավոտ բնակիչները սեփական ուժերով են կազմակերպել տարհանումը․ փրկարարները առավոտյան են եկել, ասում են, երբ շենքում արդեն մեկ-երկու ընտանիք էր մնացել։
Այսօր Կարենը մի կերպ տուն է մտնել՝ գոնե հագուստ վերցնելու։ Ամբողջ տունը տիղմի մեջ է եղել։ Առանց որեւէ բանի ձեռք տալու դուրս է եկել։
Կայարանի թաղում տարհանման հերթում արդեն անպիտան դարձած մեքենաներն են։ Տերերն ասում են՝ չգիտեն էլ, թե ինչու են հանում կամ ինչ են անելու։
Բնակիչներից մի քանիսն էլ բահերով սեփական խանութների շրջակայքն են մաքրում։ Մարդիկ մեկը մյուսի համար փրկարար ու կամավոր են դարձել։ Ասում են՝ երեկ այստեղ եկած ՀՀ վարչապետը թեեւ խոստացել է, որ կաջակցեն, բայց իրենք հիմա թե՛ տեխնիկական միջոցների եւ թե՛ օգնող ձեռքի կարիք ունեն։
Ամենամեծ աղետն այստեղ կամրջի փլուզումն է, որից այն կողմ Սանահին կայարանի դպրոցն ու մանկապարտեզն են, բնակելի շենք ու տներ, հետո թաղամասի ծայրամասը՝ Կամչատկան, որն իր ցածր դիրքով գրեթե հավասար է գետին, բայց չի տուժել։
Տարբեր զրույցների ժամանակ մարդիկ ասում են, որ այստեղ գետի հունը լայն է, եւ վարարումների ժամանակ էլ ջրերը չեն բարձրանում։
Կամրջի փլուզման հետեւանքով թաղամասի երկու հատվածների միջեւ կապը կտրվել է։ Կամրջից այն կողմ գտնվողներին փրկարարները սնունդ ու դեղորայք են հասցնում պարանների միջոցով։
Քաղաքի կենտրոնում մարդիկ սեփական խանութներից հեղեղված գույքը, սնունդը եւ տարատեսակ այլ ապրանքներ են հանում, փորձում կարգի բերել շրջակայքը։ Փլուզումների հետեւանքով երկու կողմից փակ Թումանյան փողոցով նաեւ հատուկենտ մարդիկ են անցուդարձ անում։ Շփոթված են։
Թումանյան փողոցում գտնվող բնակելի երկու շենքերից նույնպես բնակիչները տարհանվել են։ Այստեղ էլ Դեբեդի ջրերը բնակարաններ են հեղեղել։
Հիմա, միմյանց օգնելով, ջրի տակ մնացած մեքենաներն են դուրս բերում ավտոտնակներից ու բակից։ Այստեղ էլ պաշտոնյաներն եկել-գնացել են, օգնելու խոստումներ տվել։ Նաեւ Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներն են տեղում աշխատում։ Բայց տրակտորն, ասում են, արդեն երկու ժամ կանգնած է, բեռնատարին է սպասում։
Տեխնիկայի եւ աշխատուժի պակաս կա։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։