Լոռու մի քանի բնակավայրեր՝ Փոքր Այրումը, Մեծ Այրումը, Ճոճկանը, Քարկոփը (որն ամբողջությամբ տարհանված է), Շնողը, Թեղուտը, Ախթալան եւ Շամլուղը արգելափակված են, կապ չունեն մյուս բնակավայրերի, համայնքային կենտրոնի եւ մարզկենտրոնի հետ: «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Լոռու մառզի բնակիչ, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը; Նա այս պահին Ալավերդի համայնքի Փոքր Այրում բնակավայրում է:
Հատկապես սուր է ավտոմեքենայի վառելիքի խնդիրը, հետեւաբար նույնիսկ իրար աջակցելու, տեղափոխման խնդիրներ են առաջանում, իսկ բնակավայրերն իրարից բավականաչափ հեռու են: Այս պահին հաղորդակցության միակ միջոցը հեռախոսակապն է: Գյուղերի մեծ մասում մեծ խանութներ չկան, եղածներն էլ դատարկված են: Գուցե ոչ բոլորն են հասցրել օգտվել:
«Պարենի խնդիր կարող է առաջանալ, բնակիչներն էլ մտահոգված են՝ ինչքա՞ն կարող է տեւել այս վիճակը, ե՞րբ կկարողանան արտաքին աշխարհի հետ կապի դուրս գալ»,- ասում է մեր զրուցակիցը:
Համայնքապետերանը որոշել է այլընտրանքային՝ Շամլուղ-Ջիլիզա-Ալավերդի ճանապարհն օգտագործել, որ երթեւեկություն ապահովի ծանր տեխնիկայի եւ ամենագնացների համար: Դրանք սնունդ եւ դեղորայք կհասցնեն, բայց խնդիրը լիարժեք լուծում չի ստանա:
«Ճանապարհից չեն կարողանա օգտվել բնակիչները: Հետաքրքրվել ենք՝ ամենագնացներով բնակիչներին համայնքային կենտրոն տեղափոխելն առնվազն 40,000 դրամ կարժենա: Տնտեսական եւ սոցիալական մեծ խնդիրներ կարող են առաջանալ: Մայրուղիների երթեւեկությունը՝ թեկուզ ժամանակավոր լուծումներով, վերականգնելու կարիք կա՝ մինչեւ կամուրջները, ճանապարհները կառուցելը, որովհետեւ նշված այլընտրանքը չի թոթափելու բեռը եւ մարդկանց տեղափոխման հարցը չի լուծելու»,- ասում է Դուլգարյանը:
Նշված բնակավայրերի որոշ հատվածներում առաջացել է նաեւ խմելու ջրի խնդիր: Տարբեր տարածքներում մատակարարումը դադարեցված է, խողովակաշարերը վնասված են: «Չգիտեմ՝ ինչքան ժամանակ պետք կլինի խողովակաշարերի վերականգնման համար, հատկապես որ այդ հատվածներին ծանր տեխնիկայի մոտենալն էլ է այս պահին մեծ խնդիր»:
Ահռելի վնասներ են կրել հատկապես առափնյա հատվածներում գործող կառույցների՝ ռեստորանների, հյուրանոցների, մոթելների, խանութների, գրասենյակների սեփականատերերը: «Շինությունների մի մասը գոյություն չունի, մյուսների վերականգնման համար էլ մեծ ջանքեր են պահանջվելու: Սխալ է արվել, որ նման վայրում, օրինակ, մոթել է կառուցվել: Դրա պատճառով գետի հունն ավելի է նեղացել։ Դա քաղաքաշիական եւ տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ժամանակների խնդիրն է, որ թույլ են տվել բիզնես-շինություններ կառուցել գետի ափին»:
Էապես տուժելու է նաեւ մարզի զբոսաշրջությունը: Շատերի եկամտի միակ աղբյուրը հենց այդ ոլորտն է:
«Այս պայմաններում զբոսաշրջիկները եւս չեն կարող այցելել տարածաշրջան, եւ մարդիկ վնասներ են կրելու: Մի քանի ամիս եթե տեւի կոմունիկացիաների վերականգնումը, ապա տնտեսական վնասներն ակնհայտ են լինելու: Այս հարցով եւս մեծ միջամտության եւ աջակցության կարիք կա»:
Գյուղատնտեսական վնասներն էլ մեծ են, թեեւ հաշվարկների եւ կարիքների գնահատման անհրաժեշտություն կա: Վնասվել են բանջարաբոստանային տարածքներ եւ այգիներ, որոնք Դեբետի առափնյա հատվածներում հեկտարներով են՝ ոչ միայն Ալավերդիում, այլեւ Տավուշի Նոյոմբերյան համայնքում: Դիտարկումներ պետք է կատարվեն՝ հասկանալու՝ այդ տուժողներին ինչպես աջակցել:
Կառավարության որոշմամբ Լոռու եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտիներ:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: