ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով չորրորդ դարի Արշակունիների պատմությունը, մասնավորապես՝ Պապ թագավորի շրջանը, դարձել է ժամանակակից Հայաստանի ներքաղաքական կյանքի քննարկման առարկա։
Առիթը Բագրատ Սրբազանի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն է, եկեղեցի-պետություն առերեւույթ հակադրությունը։
Իշխանությունն, իր հերթին, ի դեմս Փաշինյանի իրեն համարում է սպանված Պապ թագավորի մարմնացում, որն «ինքնիշխանության» շրջանակում պայքարում էր եկեղեցու դեմ հանուն «հազարամյա պետականության պահպանման»։
Այդ ազդեցության գործակալի մասը Պապ թագավորից մինչեւ այսօր չի լուծվել, բայց համոզված եմ առաջիկա 1-2-3 ամսում էդ էլ է լուծվելու։ Սա այն խոսակցությունն է, որն ընդհատվել է Պապ թագավորի սպանությամբ։ Պապ թագավորն այլեւս չի սպանվելու եւ ես որպես ՀՀ վարչապետ երաշխավորում եմ, Պապ թագավորը չի սպանվելու, ՀՀ կառավարությունը չի սպանվելու, ինչ վեղար էլ ուզում են հագնեն, քանի կիլոյանոց, ինչ մետաղից խաչ ուզում են դոշներից կախեն, Պապ թագավորը չի սպանվելու։ Այսօրվա ՀՀ-ն իրագործումն է Պապ թագավորի երազանքի, որն իրագործվել է եւ դա որեւէ մեկը չի կարող սպանել։
Զուգահեռն այն է, որ Բագրատ Սրբազանը «ազդեցության գործակալ է»՝ անուղղակի ակնարկելով Ռուսաստանին։ Ինքը՝ Փաշինյանը, Պապն է, իսկ դե Ռուսաստանը նորօրյա Հռոմը, որը դավադրաբար սպանեց Պապին։
Վեպերով ու սեղմագրերով սեփական պատմությունը իմացողների համար ինչ խոսք գրավիչ պատում է՝ խեղճ Պապն ուզում է պետություն կառուցել, 5-րդ շարասյուն եկեղեցին չի թողնում եւ նա ստիպված կյանքի գնով պաշտպանում ու փայփայում է պետականությունը։
Բայց եթե կարդաք չորրորդ դարի հռոմեական եւ հայկական աղբյուրները, միանգամայն այլ պատկեր կտեսնեք։ Պատկեր, որը բավականին բարդ, հակասական, բազմակողմ ու խնդրահարույց է՝ հերոսներ ու դավաճաններ գտնելու համար։ Եվ այսպես, փոքրիկ էքսկուրս հայոց պատմության ու ՀՀ ժամանակակից ներքաղաքական անցուդարձի համադրմամբ։
Նախ, Պապն իշխանության է գալիս հռոմեական զորքի օգնությամբ՝ Տերենտիոս զորավարի ու Հռոմի Վաղես կայսեր աջակցությամբ։ Երբ Շապուհը բանտարկել էր նրա հորը, իսկ մորը՝ Փառանձեմին, գերեւարել ու սպանել, Ներսես կաթողիկոսը, Մուշեղ սպարապետը եւ այլ նախարարներ պատգամավորություն են ուղարկում Վաղեսի մոտ՝ Պապին թագադրելու ու զենքով Մեծ Հայքում իշխանության բերելու համար։ Նկատեք, սա նույն այն եկեղեցին ու նրա առաջնորդ է, որն իբր 5-րդ շարասյուն էր։
Ստացվում է 5-րդ շարասյունն ինքն է ամեն ինչ անում, որ Պապը գա իշխանության։ Պապը, Մուշեղը, Ներսեսն ու Հռոմի զորքերը հաղթում են պարսիկներին Ձիրավում ու Պապը թագավորում է։
Առաջին հայացքից հայտնի այս իրադարձությունները կփոխվեն, եթե նախաձիրավյան ու հետձիրավյան իրավիճակը Մեծ Հայքում դիտարկենք որպես եռապետություն։
Համաշխարհային պատմությունը բազմաթիվ եռապետություններ է տեսել՝ Հռոմի I եւ II եռապետությունները, Ստալինի մահվանից հետո՝ Խրուշչով-Մալենկով-Բերիա եռյակը, երիտթուրքերի՝ Թալեաթ-Էնվեր-Ջեմալ, Նապոլեան-Սեյես-Ռոժե-Դյուկո եռյակները։ Իսկ գիտե՞ք ինչն է միավորում սրանց։ Այն, որ բոլոր այս եռապետությունները փլուզվել են անդամներից մեկի հաղթանակով եւ մյուսների պարտությամբ։
Նմանապես, Պապն իշխանության գալով, չէր կարող համակերպվել իրեն հավասար խաղացողների հետ ու պետք է չեզոքացներ նրանց։ Մանավանդ, որ նա իշխանության էր մնում հռոմեական կուսակցության՝ հռոմեամետ նախարարների աջակցությամբ ու հռոմեական զորքով։ Դրա համար Պապը վճռում է փոխել խաղի կանոնները՝ իր իշխանության համար նոր հենարաններ ու դաշնակիցներ գտնելով։
Պապից առաջ պետությունը տասնամյակներ արտաքին կռիվների ու ներքին պատերազմների մեջ էր՝ տնտեսությունը քայքայված, գանձարանը թալանված, բնակչությունը կոտորված էր։ Այս վիճակում Պապին կենտրոնական իշխանության ամրապնդման համար ռեսուրս էր պետք։ Եվ հենց այդ վիճակում նա հայացքն ուղղում է եկեղեցուն՝ եղած ֆեոդալներից ամենահարուստին, բայց ռազմական առումով՝ ամենաթույլին։
Եկեղեցին ու Մամիկոնյան սպարապետները՝ թեեւ դաշնակիցներ էին ու խնամիներ, բայց արքա-եկեղեցի հակամարտության ժամանակ Մամիկոնյան տոհմը կա՛մ չեզոքություն էր պահպանում, կա՛մ անցնում արքայի կողմը։ Վիճակը նույնն էր թե՛ Պապի պապ Տիրանի, թե՛ հոր՝ Արշակ Բ-ի, ժամանակ։
Պապն, ուրեմն, որոշում է իր իշխանության ռեսուրսային բազան նախ ամրացնել ի հաշիվ եկեղեցու ունեցվածքի, մարդկային եւ նյութական կապիտալի։ Դրա համար կրճատում է եկեղեցուն տրվող հարկերը, դատարկում մենաստաններն ու կույսերին ուղարկում սերունդ տալու, թույլ տալիս հեթանոսական սովորություններն ու նման քայլեր։
Նկատեք, որ դա ոչ թե պայքար էր 5-րդ շարասյան դեմ, գործակալների դեմ, այլ պարզ ներքին կռիվ՝ ռեսուրսների վերաբաշխման տրամաբանությամբ։ Դրան զուգահեռ, Պապը հասկանում էր, որ միայն հռոմեացիներից կախված լինելը կարող է ապագայում չար կատակ խաղալ իր հետ, ինչպես Արշակ Բ-ին էին հռոմեացիները միայնակ թողել «ամոթալի» դաշնագրով։ Այդ պատճառով որոշում է սեպարատ բանակցությունների մտնել Շապուհ Բ-ի հետ։
Արդյունքում, ստանում ենք մի վիճակ երբ Պապը միաժամանակ դուրս է գալիս թե՛ Հռոմի, թե՛ եկեղեցու եւ թե՛ հայոց զորքերի հրամանատար Մուշեղ Մամիկոնյանի եւ նախարարների հռոմեական թեւի դեմ։ Մինչ այդ էլ ավելի է խորացնում իր կախվածությունը Սյունիներից՝ ամուսնանալով իր քեռու աղջկա հետ։
Հիշենք, որ Պապի սպանությունից հետո, երբ Վարազդատ Արշակունին սպանել է տալիս Մուշեղին, նրան մեղադրում են Պապին դավաճանելու, Շապուհի հետ բանակցելու ու թագավորական հակումների համար։ Արդյունքում, Պապին կանչում են Տարոսն որպեսզի ձերբակալեն եւ ուղարկեն Հռոմ, բայց Պապին հաջողվում է խուսափել գերությունից, վերադառնալ Հայք։
Արդեն Հայքում Պապը ճակատամարտում պարտվում է Հռոմի զորքերին, գերեւարվում, ուղարկվում Հռոմ ու սպանվում։
Բայց գանք 2024 թվական։ Մերօրյա Պապը՝ Նիկոլ Փաշինյանը, որքան էլ որ խոսի իր ու Պապի ընդհանրություններից, որքան էլ որ իրեն ներկայացնի պետականամետ գործիչ եւ Ռուսաստանի (Հռոմի) ոխերիմ թշնամի, իրական քայլերով երբեք դուրս չի գալիս Հռոմի դեմ։
Եթե Պապը բանակցում էր Շապուհի հետ, սպանում պռոհռոմեական իշխաններ Արտավանին ու Գղակին, պլանավորում սահմանափակել Հռոմի ազդեցությունը, ապա Փաշինյանը օրերս Մոսկվայում խնդրեց, որ Ռուսաստանի զորքերը մնան Թուրքիայի եւ Իրանի սահմանին։
Ավելին, եթե նկատել եք Փաշինյանը երբեք չի քննադատել ՌԴ ինտեգրացիոն տնտեսական նախագծերը, ավելին՝ միշտ խոսել է գազի շուկայի արդար գնագոյացման ու ԵԱՏՄ ինտեգրման մասին։ Փաշինյանը նաեւ երբեք ռեսուրսային բազայի խնդիր չի ունեցել, որովհետեւ ժամանակակից ՀԱԵ-ի ու Ներսեսի եկեղեցու ժամանակների ազդեցություններն անհամեմատելի են։
Ներկայում ՀԱԵ-ն քաղաքականապես վարկաբեկված, միշտ չեզոք, միշտ իշխանության հետ ներդաշնակ, սոցիալական խնդիրներին անհաղորդ, սեփական կյանքով ապրող կառույց է։ Եվ օրերս Բագրատ Սրբազանի հոգեւոր ծառայության «սառեցումը», «շարժմանն» ուղղակիորեն չպաշտպանելն ու բողոքի գործողություններին չմասնակցելը միայն վերահաստատում է նրա թուլությունը, վախերն ու կրավորականությունը։ Մյուս կողմից, որքան ուռճացնես ապստամբ արքեպիսկոպոսի շարժումը՝ նրան նույնացնելով եկեղեցու հետ, այնքան հաղթանակդ ավելի փառավոր կլինի, կողմնակիցներդ էլ՝ երջանիկ։
Պապն, ուրեմն ոչ թե հազարամյա պետականության, այլ սեփական իշխանության ամրապնդման ու պահպանման մասին էր մտածում՝ պարզապես հնթացս սխալ հաշվարկ կատարելով ու թերագնահատելով Հռոմին։ Իսկ Փաշինյանը, հակառակը, գիտի թե՛ Ռուսաստանի ազդեցությունը, թե՛ թշնամիների թույլ եւ ուժեղ կողմերը, դրա համար սպառնում, բայց չի հարկում եկեղեցուն, ասում է՝ ես ՀԱԵ հետեւորդ եմ, բայց ապստամբ արքեպիսկոպոսին պետք է սանձել։
Ի վերջո, երբ Պապը որոշել էր սեփական ռեսուրսային բազան ավելացնել եկեղեցու հաշվին, Ներսես Պարթեւ կաթողիկոսը ծեր էր եւ, ըստ աղբյուրների, թոքախտ ուներ՝ հավանաբար հռոմեական կայսրության ծայրամասերում արտաքսված լինելու օրերին ձեռք բերված։ Այսինքն՝ Պապն ընտրել էր եռապետությունից ամենաթույլին։ Իսկ եռյակի իսկական ուժն ու ամենազգուշավորը թերեւս Մուշեղն էր՝ որն աշխատում էր ե՛ւ Հռոմի, ե՛ւ Պարսկաստանի հետ։
Բայց երբ Պապը սպանվեց եւ Հռոմը նոր կառավարիչ ընտրեց Վարազդատ Արշակունուն, վերջինս սեփական դիրքերը ամրապնդելու համար ուղղակի սպանել տվեց Մուշեղին՝ մեղադրելով նրան Պապին դավաճանելու ու սեփական խաղը խաղալու համար։
Այո, այսպիսի քաղաքական խարդավանքների, ռեսուրսային պայքարի, կոալիցիաների եւ արտաքին քաղաքական վայրիվերումների շրջան ենք ունեցել, որ ներկայիս ներքաղաքական պայքարի շրջանակներում պրիմիտիվացվել ու հասցվել է պետականությունը պահպանող հերոսի ու «5-րդ շարասյուն» եկեղեցու հակադրության նեղմիտ պատման։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։