Արդեն երրորդ օրն է՝ Ալավերդու Սանահին կայարան թաղամասի երկու հատվածների միջեւ կապը փրկարարական պարանն է ապահովում։ Թաղամասի մոտ 130 բնակիչներ կամրջի փլուզման հետեւանքով Դեբեդի մյուս կողմում են մնացել։ Մեկ տասնյակից ավելի մարդ տարհանվել է՝ սեփական ցանկությամբ կամ անհրաժեշտությունից ելնելով։
Մարգարիտա Իսոյանը դստեր հետ նույնպես պարանով են մի ափից մյուսն անցել։ Նրանց տունը դպրոցի մոտ է։ Հեղեղից բնակարանը չի տուժել, բայց ջրի բարձր մակարդակից շատ են վախեցել։ Գիշերվա ժամին աղետի հետեւանքով ջրի, գազի, հոսանքի անջատումն էլ բազմապատկել են տագնապը։
«Մի քանի օր առաջ Երեւանից Ալավերդի գալիս հիանում էինք Դեբեդի գեղեցկությամբ։ Իմ ամենասիրելի ժամանակաշրջանն է, բոլոր սանահնեցիները Դեբեդը հենց էսպես են սիրում։ Ամռանը, երբ ջրերը բարակում էին, մի տեսակ խղճում էինք, որ ցամաքել, առու է դարձել։ Ո՞վ կմտածեր, որ նման աղետի առաջ ենք կանգնելու»,- պատմում է Մարգարիտան։
Վարարած գետի վրայով պարանով անցնելն էլ հեշտ չի եղել․ կրկին վախեր են ունեցել։ Բայց Երեւանում ինքն աշխատանքի, դուստրն էլ դասի պետք է գնան։ Հիմա մոր համար է մտահոգ, հետո՝ մեքենայի, որը գետի մյուս կողմում հավանաբար դեռ երկար է մնալու։
Սանահինի մեկուսացված հատվածում գազի, հոսանքի եւ ջրի մատակարարումը դեռ չի վերականգնվել։ Բնակիչներին առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք ու չոր սնունդ փրկարարներն են հասցնում։ Երեկ եւ այսօր անհրաժեշտ պարագաների փաթեթներ Վանաձորից են այստեղ բերվել։
«Անընդհատ կապի մեջ եմ Էստեղի ընկերների հետ։ Հնարավորինս կլինենք մյուս բնակավայրերում էլ։ Կարեւորը՝ մարդիկ տարբեր օգնություններ են ուղարկում, ես էլ հասցնում եմ մարդկանց»,- ասում է վանաձորցի Աննա Հովհաննիսյանը, ով դրամահավաքների եւ տարբեր նախաձեռնությունների միջոցով միշտ աջակցում է կարիքավորներին։
«Շատ են մարդիկ, ովքեր օգնություն են առաջարկում՝ հոգեբանական, սոցիալական եւ այլն։ Այս պահին ամենակարեւորը կարիքների ճշգրիտ գնաատումն է, ոչ տարերային, համակարգված աշխատանքը։ Պետք է համակարգող մարմին։ Այս դեպքում դա պետք է լինի համայնքապետարանը։ Հիմա մենք փորձում ենք սնունդ հասցնել, հագուստի եւ դեղորայքի կարիք էլ կա մեկուսացված բոլոր բնակավայրերոում։ Նաեւ սկսել ենք հոգեբանական աջակցության տրամադրումը երեխաներին», — ասում է ՀԵԲԱ հասարակական կազմակերպության նախագահ Մարիաննա Պեպանյանը։
Նման իրավիճակներում մարդկանց առաջնային կարիքները լուծելու համար հասարակական հատվածը, փաստացի, ավելի ակտիվ եւ արդյունավետ է գործում, քան պետականը։ Մարիաննա Պեպանյանը, որ հասարակական գործունեության երկարամյա փորձ ունի, դա պայմանավորում է պետության անպատրաստ լինելու եւ գործողությունների պլան չունենալու հանգամանքով։
«Թե՛ համայնքում եւ թե՛ երկրում պիտի ունենանք պլան, հասկանալու համար, թե նման դեպքերում ինչ ենք անելու։ Եվ հենց լինում է նման իրավիճակ՝ գետի վարարում, սողանք, երկրաշարժ, ո՞ր պլանով ենք շարժվելու։ Դա պետք է անել մինչեւ աղետը։ Հիմա, երբ գիտեին, որ առատ տեղումներ են սպասվում, գետի մակարդակը բարձրացել է, ի՞նչ է արվել», — ասում է Մարիաննան։
Սանահին կայարանի բնակիչ Սոխակ Գորգինյանը սեփական խանութի շրջակայքն է մաքրում տիղմից։ Զայրացած է․ օգնող ձեռք չկա, բնակիչներն իրենք են «իրենց գլխի ճարը տեսնում»։ Գոնե աշխատուժ գա, օգնեն, որ մարդիկ կարողանան ժամ առաջ իրենց տուն մտնել։
«Քաղաքապետի ընտրության ժամանակ հարյուրներով կարմիրբերետավորներ էին Ալավերդի ուղարկել։ Հիմի ո՞ւր են, թող գան, օգնեն։ Կամ ինչի՞ ա մի տրակտոր աշխատում էս ահռելի թաղում»,- ասում է կինը։
Խանութում նախնական հաշվարկներով մոտ 2-3 մլն դրամի ալյուր, անասնակեր ու սննդամթերք կա։ Կփոխհատուցեն, ասում եմ՝ փորձելով մեղմել զայրույթը։
«Կարկուտն էլ էկավ, էսա մի տարի ա, ի՞նչ արին։ Պատուհան, շիֆեր, սաղ ջարդել էր, էլի մարդիկ իրանց ուժերով սարքեցին»,- պատասխանում է։
«Վարչապետը էրկու ժամում Թուրքիա փրկարարներ ուղարկեց (նկատի ունի 06․02․2023թ․ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը – հեղ․), չէր կարո՞ւմ մի ավտոբուս մարդ ուղարկի, գան, օգնեն։ Մինչեւ փրկարարների գալը մենք մեր ուժերով սաղին հանել ենք, փրկարարները առավոտն են էկել։ Շենքերում մի քանի ընտանիք էր մնացել»,- ասում է տիղմի մեջ թաթախված բնակիչներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ։
«Սաղ կյանքներս սենց բան չենք տեսել։ Սմբոյին գիտե՞ք, լոդկա ունի, ամառները տալիս ա տուրիստներին, դրանով քանի հոգու հանեցին, շիֆերներին կպավ, ծակվեց, լավ ա գոնե «չնստեց»։ Անգամ հիվանդ, ծանրաքաշ մարդու ենք հանել՝ կյանքի գնով։ Խրվել էր երկաթների մեջ։ Ասինք՝ վերջ, կընկնի, կխեղդվի։ Մոտավոր 150 մարդու հանել ենք։ Էս տրակտորն էլ ա մեր ուժերով, սալյարկա են տվել տղերքը, բերել, որ մաքրի, մարդիկ կարենան պադյեզդ մտնել»,- պատմում է թաղամասի բնակիչ Արտյոմ Ճուղուրյանը։
Սանահնեցիները մի քանի օր անց են իրենց տներ հրավիրում՝ իրական վնասները տեսնելու համար։ Գրեթե նույն պատկերը Ալավերդու կենտրոնում՝ Թումանյան փողոցում է։ Բնակիչներն առավոտից մինչեւ երեկո, միմյանց փոխարինելով, աշխատում են, նաեւ փորձում հաշվել նախնական վնասը։
Նշված թաղամասի բնակիչ Արկադի Սահակյանը չորս մեքենա է «կորցրել»։ Աղետի պահին մեկը ավտոտնակում, մյուս երեքը բակում են եղել։ Տարածքում խանութ, իսկ շենքի մոտ՝ ավտոտնակում, արտադրամաս ունի։ Վնասներն, ասում է, անչափելի են։
«Մենակ խանութում 15 միլիոնի ապրանքային մնացորդ ունեինք։ Մնացած վնասները չեմ ասում։ Արտադրությունն ավելի շատ ա տուժել, քանի որ բոլոր հաստոցները ջրի տակ են մնացել։ Մի հաստոցի գինը 2,5 միլիոն է։ Մեքենաները խելքի բերելու մասին դեռ վաղ ա խոսելը, 700 հազար փող են ուզում մասնագետները, որ գոնե մի մեքենայի շարժիչը գործի դնեն ու հասկանան, թե ո՞ր մասերն են փոխելու ենթակա»,- ասում է քաղաքացին։
Մինչեւ վնասներին ու փոխհատուցմանը հասնելը թե՛ Սանահին կայարան եւ թե՛ Թումանյան թաղամասերում բնակիչները «օգնող ձեռք» են խնդրում․ ուժասպառ են եղել, թեեւ երկու թաղամասերում էլ այսօր տեխնիկական միջոցներ են աշխատել։
Ալավերդուց մի խումբ երիտասարդներ խանութներում եւ այլ կառույցներում են օգնել մաքրման գործին։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։