Գերագույն Ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը պատասխանել է Վլադիմիր Պուտինի նախօրեին հնչեցրած այն հայտարարություններին, որ «Ուկրաինայում միակ օրինական ուժը» խորհրդարանն է ու դրա նախագահը։ Նա ընդգծել է, որ Վլադիմիր Զելենսկին մնալու է երկրի նախագահ մինչեւ ռազմական դրության ավարտը։
«Հետաքրքրասեր ընթերցողներին խորհուրդ կտայի ոչ ընտրովի յուրացնել մեր Սահմանադրության տեքստը եւ ուշադրություն դարձնել 108-րդ հոդվածի 1-ին մասի վրա․ «Ուկրաինայի նախագահն իր լիազորություններն կիրականացնի այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինայի նորընտիր նախագահը չի ստանձնել պաշտոնը»։ Ժողովրդավարական հասարակություններում դա կոչվում է իշխանության շարունակականություն։ Բայց այդ «շարունակականությունը» ոչ թե ռուսական իմաստով է (ինչպես «հավերժություն»), այլ նորմալ, ժողովրդավարական եւ անվտանգ իմաստով։ Ուստի Վլադիմիր Զելենսկին կմնա Ուկրաինայի նախագահը մինչեւ ռազմական դրության ավարտը»,-ֆեյսբուքյան էջում գրել է Ռուսլան Ստեֆանչուկը։
Գրառման մեջ Գերագույն ռադայի խոսնակը նաեւ ավելացրել է, որ «ավելի լավ կլիներ», եթե Ռուսաստանում սկսեին կարդալ սեփական Սահմանադրությունը. «այն մասով, որտեղ ասվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը միջոցներ է ձեռնարկում միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման եւ ամրապնդման, պետությունների եւ ժողովուրդների խաղաղ գոյակցությունն ապահովելու համար»:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուզբեկստան կատարած այցին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «լեգիտիմությունը ավարվել է»։ Նա նաեւ նշել է, որ «նախնական գնահատմամբ» Ուկրաինայի միակ օրինական իշխանությունը մնում է խորհրդարանը եւ Գերագույն ռադայի նախագահը։