Հորդառատ անձրեւների ավերիչ հետեւանքները չեն շրջանցել նաեւ Շիրակի մարզը: Ուժեղ քամու եւ անձրեւի պատճառով տապալվել է Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ բնակավայրի շուրջ 350 մետր ճանապարհամերձ գազատար խողովակը:
Դադարեցվել է համայնքի մեկ տասնյակ բնակելի տան եւ մանկապարտեզի գազամատակարարումը։
Գյուղի վարչական ղեկավար Նարեկ Մկրտչյանն «Ալիք Մեդիային» տեղեկացրեց, որ, բարեբախտաբար, գազի արտահոսք չի եղել, միայն հենասյուները եւ խողովակաշարն են փլուզվել:
Տուժած բնակիչներին տեսնելու եւ վնասի չափերին տեղում ծանոթանալու նպատակով Մեծ մանթաշ են այցելել Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Շիրակ ԳԳՄ տնօրեն Թորգոմ Սուքիասյանը եւ շինարարական կազմակերպության ներկայացուցիչները:
«Շիրակի մարզպետի աշխատակազմը լիազորությունների եւ հնարավորությունների սահմանում կանգնած է բոլոր պատասխանատու կառույցների կողքին, որպեսզի խնդիրն օր առաջ լուծվի»,- նշել է Մուշեղ Մուրադյանը։
Գազամատակարար եւ ճանապարհաշինական կազմակերպության պատասխանատուները խոստացել են սեղմ ժամկետներում վերացնել փլուզման հետեւանքները եւ վերականգնել գազամատակարարումը։
Վնասված գազատարի վերակառուցման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, պատասխանատուները վստահեցնում են, որ գազամատակարարումը կվերականգնվի մոտ մեկ շաբաթից:
Նշենք, որ Մեծ Մանթաշում դեռեւս բավականին ցուրտ է, ջեռուցման կարիք կա:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։