Վրաստանը ՌԴ-ի հանդեպ եւ՛ պրագմատիկ, եւ՛ սկզբունքային դիրքորոշում ունի մայիսի 28-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Ընդդիմախոսները Ռուսաստանի նկատմամբ երկակի ստանդարտներ ունեն, երբ խոսքը վերաբերում է մեր տարածքների օկուպացմանը, բայց մենք եւ՛ պրագմատիկ, եւ՛ սկզբունքային դիրքորոշում ունենք, եւ դրան հետեւելու ենք մինչեւ վերջ»,- նշել է Կոբախիձեն:
Վրաստանի վարչապետը պնդել է, որ Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում «ամեն ինչ պարզ է»։ Միաժամանակ նա մատնանշել է, որ Մոլդովան, Հայաստանը եւ մյուս հարեւան երկրները դիվանագիտական հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, մինչդեռ Թբիլիսին ոչ միայն չունի դրանք, այլ նաեւ անում է հնարավորը Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունները ճանաչելու գործընթացը խոչնդոտելու համար։
«Սկզբունքորեն մենք միակ երկիրն ենք հարակից պետություններից, որը նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունի Ռուսաստանի Դաշնության հետ։ Սրա պատճառը մեր տարածքների 20 տոկոսի օկուպացիան է… Մենք ակտիվորեն աշխատում ենք չճանաչման ուղղությամբ։ Սրա արդյունքում այն ցուցանիշը, որը մենք թողել ենք 2012 թվականին, այսպես կոչված, ճանաչման առումով չի փոխվել, եւ մենք կարող ենք հաջողությամբ իրականացնել այս քաղաքականությունը։ Մեր քաղաքականությունը միանգամայն պարզ է։ Մնացած ամեն բան շահարկումներ են եւ կեղծ էմոցիաներ»,-նշել է Կոբախիձեն։