Այժմ Ադրբեջանում կա միջեւ մթնոլորտի էական փոփոխություն, սակայն դա դեռ չի նշանակում, որ մնացել է միայն խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ Բաքվից հաճախակի հնչող հայտարարություններին։
«Ամեն օրն էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ, եւ ես հույս ունեմ, որ ձեռք կբերվեն, ավելի ճիշտ այդ համաձայնությունները ձեռք բերված են»,- նշել է Փաշինյանը։
Նա նշել է, որ 2022 թվականի հոկտեմբերի վեցին Պրահայում, դրանից հետո Սոչիում, ապա Բրյուսելում առանցքային սկզբունքները համաձայնեցված են, մնում է դա վերարտադրել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ, որը հնարավորություն կստեղծի օր առաջ ավարտել այդ աշխատանքը։
«Իրականում խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքը դա բազմաշերտ աշխատանք է, երբեմն նախադասությունները, արտահայտությունները, որ արվում են դրա վերաբերյալ, խաղաղության պայմանագրի տեքստերին եւ դրանց դինամիկան անծանոթ մարդկանց մոտ միշտ չէ որ ճշգրիտ տպավորություն է ստեղծում»,- ասել է վարչապետը եւ հավելել, որ Բաքվից արդեն հնչել են հայտարարություններ, որ Ադրբեջանը հավատարիմ է Ալմա-Աթայի հռչակագրին եւ Պրահայի պայմանավորվածություններին, սակայն, ըստ նրա, վերարտադրման պրոցեսում կան աշխատանքային հարցեր, որոնք պետք է հաղթահարվեն։