Արեւմտյան երկրները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խնդրել են դաշնակից երկրների վրա առանձին ճնշումներ չգործադրել՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու համար հստակ ժամանակցույցի օգտին հանդես գալու համար։ Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներից ստացված տեղեկատվությանը։
Նախապատրաստվելով Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը նախատեսված է հուլիսի 9-11-ը, Գերմանիան եւ Միացյալ Նահանգները Ուկրաինային խիստ նախազգուշացումներ են ուղել զերծ մնալ դաշինք միանալու համար հստակ ժամկետներ պահանջելուց: Ուկրաինայի գործընկերները զգուշացրել են Զելենսկին չպահանջել դաշինքից «անհնարինը», գրում է պարբերականը։
«Նրանք շատ թերահավատորեն են վերաբերվում ընթացիկ տարում ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցության ուղղությամբ Ուկրաինայի հետագա առաջընթացին: ԱՄՆ-ն գուցե այնքան մտահոգված չէ, որքան Գերմանիան, բայց Ռուսաստանից բխող սպառնալիքի վերաբերյալ դաշինքի մնացած անդամների համար մտահոգություններ կան»,- պարբերակնին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը:
Աղբյուրները նշել են, որ 2023 թվականի հուլիսին Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի դաշինք մտնելուն աջակցող երկրները ուժեղ ճնշում են գործադրել մնացած անդամների վրա այս հարցում, ինչը հանգեցրել է ռազմական բլոկի պառակտմանը։
The Telegraph-ը նշում է, որ Վաշինգտոնում սպասվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդները Ուկրաինային կառաջարկեն այն, ինչ այժմ կոչվում է «կամուրջ» կամ «ուղի» դեպի անդամակցություն գործընթացին աջակցելու համար: