Եվրամիությունը մտադիր է պաշտպանական համաձայնագրերի ցանց ստեղծել երրորդ երկրների հետ եւ կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին միանալ դրան, հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեպ Բորելը, բացելով Բրյուսելի Շումանի ֆորումը, որը նվիրված է անվտանգության խնդիրներին։
«Սպառնալիքների թիվն ավելանում է։ Մենք պետք է ընդլայնենք մեր համագործակցության համակարգը՝ ստեղծելով պաշտպանության եւ անվտանգության նոր գործընկերություններ։ Հենց նոր ստորագրեցի երկու նոր պայմանագիր՝ Մոլդովայի եւ Նորվեգիայի հետ: Պատրաստում ենք եւս վեցը։ Եվ ես հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են մեզ հետ պաշտպանական համագործակցության զարգացմամբ, քանի որ մենք ցանկանում ենք ստեղծել պաշտպանական գործընկերության ցանց ամբողջ աշխարհում»,-ասել է Բորելը։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն մտադիր է արագորեն դառնալ «համաշխարհային հարթակում պաշտպանական եւ անվտանգության ունակ խաղացող»։
Հիշեցնենք, որ Շումանի ֆորումի աշխատանքներին մասնակցում է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։