Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկողության տակ է վերցրել Գազայի հատվածի եւ Եգիպտոսի սահմանին գտնվող բուֆերային գոտու՝ այսպես կոչված «Ֆիլադելֆիայի միջանցքի» երեք քառորդը: Նման հայտարարություն է արել Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին Kan ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ։
«Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակը ներկայումս վերահսկում է Ֆիլադելֆիայի միջանցքի 75%-ը: Մենք պետք է աշխատենք եգիպտացիների հետ՝ կանխելու զենքի մաքսանենգությունը [Գազայի հատվածում]», — ասել է Հանեգբին եւ նշել, որ «պատերազմը [Գազայի հատվածում] երկար կտեւի»։
«Սպասվում է, որ այս տարի մարտերը կշարունակվեն եւս յոթ ամիս», — պարզաբանել է նա:
Նշենք, որ չնայած ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որը Իսրայելին պարտավորեցրել է դադարեցնել հարձակումը Ռաֆահի վրա, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է գործողությունները քաղաքում։
Հակամարտության մեկնարկից հետո Ռաֆահը Գազայի հատվածի տեղահանված խաղաղ բնակչության հիմնական պատսպարվելու վայրն էր։
Հաղորդվում է, որ նախորդ գիշեր մարտերը էլ ավելի են սաստկացել, իսկ Ռաֆահի արեւմտյան հատվածը ենթարկվել է ուժեղ ավիացիոն ռմբակոծությունների եւ հրետանային կրակի, ինչը ամենածանրն է եղել մայիսի սկզբին այս շրջանում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր:
Ականատեսների վկայությամբ՝ իսրայելական տանկերը վերահսկողության տակ են վերցրել ռազմավարական նշանակություն ունեցող Զորուբ բլուրը՝ պաղեստինա-եգիպտական սահմանի ամենաբարձր հատվածը։
Reuters-ն էլ գրում է Ռաֆահի կենտրոնում հայտնված իսրայելական տանկերի մասին։