«Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությունը Էջմիածնի Սուրբ Մարիամ Աստվածածին Եկեղեցում մայիսի 25-ին նախաձեռնել էր մտավոր զարգացման խնդիրներ ունեցող շահառուների մկրտության արարողությունը։
Արարողությունից հետո անցկացվել է ուրախ տոնակատարություն, որը ներառել է խնջույք եւ ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդեսի ընթացքում ներկայացված են եղել «Երջանկության ճանապարհ» ՀԿ-ի շահառուների ձեռքի աշխատանքները։
Միջոցառման հասույթը կուղղվի կազմակերպության մտավոր զարգացման խնդիրներ ունեցող 18-65 տարեկան անձանց սոցիալական եւ կրթական ծրագրերի իրականացմանը՝ հնարավորություն տալով նրանց լիարժեք կյանք վարել եւ օգտագործել իրենց ողջ ներուժը:
«Այս միջոցառումը պարզապես արարողություն չէ», — նշել է «Երջանկության ճանապարհը» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Սվետլանա Մուրադյանը:
«Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր անհատ ունի երջանկության եւ լիարժեք կյանքով ապրելու իրավունք, եւ նման միջոցառումների միջոցով մենք վերահաստատում ենք ավելի մարդասեր եւ համամարդկային արժեքներ կրող հասարակություն ձեւավորելու մեր հանձնառությունը»,-հավելել է Մուրադյանը:
Միջոցառման հյուրերը «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպության գործընկեր կազմակերպություններն էին, մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչներ, շահառուների ծնողներն ու մտերիմները։
«Կենտրոնը ֆինանսական դժվարություններ ունի, բայց մենք փորձում ենք հնարավոր միջոցներով ստեղծել մեր կենտրոնի շահառուների համար միջավայր, որտեղ իրենք կապրեն, կարարեն ու կզգան իրենց որպես աշխարհի մի մասնիկը», — նշում է «Երջանկության ճանապարհը» ՀԿ-ի ծրագրերի համակարգողը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Երջանկության ճանապարհը» ՀԿ-ի շահառուներին կարող են աջակցել բոլորը։ Նվիրատվություն կատարելու համար հարկավոր է դիմել ՀԿ-ի պաշտոնական էջին։