Ողջ աշխարհում աճում է մահապատժի դատավճիռների թիվը, այն հասել է իր ամենաբարձր մակարդակին վերջին 10 տարվա ընթացքում։ Այս մասին ասվում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության՝ մայիսի 29-ին հրապարակված զեկույցում։
Ընդհանուր առմամբ, աշխարհում մահապատժի մասին իրավապաշտպանները 2023 թվականին գրանցել են 1153 զեկույց, որը 2015 թվականից հետո ամենաբարձրն է։ Սա գրեթե 30%-ով ավել է, քան մեկ տարի առաջ էր։ Սակայն, հրապարակված այս ընդհանուր տվյալները չեն ներառում Չինաստանում մահապատիժների թվաքանակը, քանի որ երկիրը չի տրամադրում մահապատիժների վիճակագրությունը: Նրանց թիվը մոտավոր գնահատվում է մի քանի հազար, ինչը Չինաստանին մահապատժի ենթարկված քաղաքացիների թվով բարձրացնում է աշխարհում առաջին տեղը։
Amnesty International-ը նշում է նաեւ, որ մահվան դատավճիռների թիվը 2023 թվականին հասել է 2428-ի։
Կառույցը ընդգծում է, որ մահապատիժների թիվը կտրուկ աճել է Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Իրանում, որտեղ դրանց թիվը հասել է 853-ի։
«Իրանի իշխանությունները լիակատար առհամարանք են ցուցաբերում մարդկային կյանքի նկատմամբ»,- ասվում է իրավապաշտպանների հայտարարության մեջ։ Նշվում է, որ քաղաքացիները մահապատժի են ենթարկվում մասնավորապես թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար։
Ամենից հաճախ, ըստ իրավապաշտպանների, մարդկանց մահապատժի են ենթարկում Չինաստանում, Իրանում, Սաուդյան Արաբիայում, Սոմալիում եւ ԱՄՆ-ում։
ԱՄՆ-ում 2023 թվականի տարվա մահապատժի է ենթարկվել 24 մարդ, մինչդեռ նախորդող տարում՝ 2022 թվականին, մահապատժի ենթարկված դատապարտյալների թիվը կազմել էր 18 մարդ։