Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին կրկին մեղադրել է ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզների տրամադրումից հրաժարվելու մեջ։
Նման միտք Ալիեւը հայտնել է «Շրջակա միջավայրի վրա ականների ազդեցության նվազեցում․ միջոցների մոբիլիզացիա անվտանգ եւ կանաչ ապագայի համար» խորագիրը կրող համաժողովին ուղղված նամակում։
Դրանում Ադրբեջանի նախագահը պնդում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության ողջ ընթացքում տուժել են 3400 ադրբեջանցիներ, որոնցից 358-ը երեխաներ են, 38-ը՝ կանայք։ Իսկ 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո ականներից տուժածների թիվը, ըստ Ալիեւի, հասել է 361-ի, որոնցից 68-ը զոհվել են, 293-ը՝ ծանր վիրավորվել։
«Ականներից տուժածների թվի ամենօրյա աճի հիմնական պատճառներից է Հայաստանի հրաժարումը իր իսկ կողմից Ադրբեջանի տարածքում տեղադրած ականների ճշգրիտ քարտեզները տրամադրելուց։ Դրանք ականային-թակարդներ են, որոնք տեղադրված են նախկին շփման գծից այնկողմ՝ ճանապարհների, գերեզմանատաների եւ քաղաքացիական նշանակության այլ օբյեկտների վրա։ 2020 թվականից մինչեւ 2023 թվականը Ադրբեջանի տարածքում ստեղծվել են մինչեւ 500 կմ երկարությամբ նոր ականապատ գոտիներ, կրկին ականներ են տեղադրվել։ Սրա պատասխանատվությունն կրում է Հայաստանը»,-ասվում է Ալիեւի նամակում։
Ըստ Ադրբեջանի նախագահի, նախնական գնահատականներով ականապատված է երկրի մոտ 12 տոկոսը շուրջ 1,5 միլիոն ականներով եւ անհայտ քանակությամբ չպայթած զինամթերքով: