ՌԴ ԱԳՆ-ն պատասխան է պատրաստում Լեհաստանում ռուս դիվանագետների տեղաշարժի սահմանափակումներին ի պատասխան, մայիսի 30-ին այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում լեհ դիվանագետների դեմ միջոցներ կձեռնարկվեն։
«Մեզ խնդրել են հունիսի 1-ից Լեհաստանի արտաքին գործերի նախարարությանը նախապես տեղեկացնել Վարշավայում ՌԴ դեսպանատան, ինչպես նաեւ Գդանսկում, Կրակովում եւ Պոզնանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցների՝ վոյեւոդական նահանգներից դուրս մեկնելու մտադրության մասին»,-ասել է Զախարովան։
Պատասխան միջոցներ, ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի, կձեռնարկվեն Մոսկվայում Լեհաստանի դեսպանատան եւ Իրկուտսկում, Կալինինգրադում եւ Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսությունների դեմ։
Լեհաստանի ներդրած սահմանափակումների մասին հայտնի էր դարձել մայիսի 27-ին։ Դրանց մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։ Նա բացատրել է, որ Վարշավայում դեսպանատան աշխատակիցները չեն կարողանա առանց թույլտվության մեկնել Մազովեցկի վոյեւոդությունից (մարզից) դուրս, որտեղ գտնվում է Լեհաստանի մայրաքաղաքը, իսկ այլ քաղաքներում հյուպատոսության աշխատակիցները չեն կարողանա ճանապարհորդել իրենց վոյեվոդություններից դուրս: Սահմանափակումները չեն վերաբերի Լեհաստանում ՌԴ դեսպանին։
Սիկորսկու խոսքով, միջոցները կապված են վերջերս երկրում տեղի ունեցած մի քանի դիվերսիոն գործողությունների մեջ Ռուսաստանի մասնակցության շուրջ ունեցած կասկածների հետ։