Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը մեկնաբանել է Վրաստանի խորհրդարանի որոշումը, որը վերջնականապես հաստատել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։
«Վրացի ժողովուրդը հասկացրել է. իրենց ապագան կապված է եվրատլանտյան համայնքի հետ: Չեղարկելով նախագահ Զուրաբիշվիլիի վետոն արտաքին ազդեցության օրենքի վրա՝ Վրաստանի կառավարությունը հեռացավ այդ նկրտումներից: Մեծ Բրիտանիան աջակցում է վրաց ժողովրդին»,-X-ի էջում գրել է Քեմերոնը։
Հիշեցնենք, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը օրինագիծը խորհրդարանի հաստատմանն էր ներկայացրել երկորդ անգամ։ Նախորդ տարի այն քաղաքացիների փողոցային պայքարից ու ոստիկանների հետ բախումներից հետո ժամանակավորապես հետ էր կանչվել։
Այս տարի իշխանությունները չհրաժարվեցին նախաձեռնությունից՝ չնայած երկրում կրկին բռնկված տասնյակ հազարավոր քաղաքացիների բողոքի ակցիաներին եւ Վրաստանի միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության կոշտ դիրքորոշմանը։
Բրյուսելը հայտարարել էր, որ օրենքը կարող է խոչնդոտ հանդիսանալ Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին, իսկ ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ն հայտարարել է վրացական իշխանությունների ներկայացուցիչների համար վիզային սահմանափակումների եւ երկկողմ հարաբերությունների վերանայման մասին։