Գազայի հատվածում ընթացող Իսրայելի պատերազմը, որը ծախսված ռեսուրսներով վերջինիս պատմության ամենաթանկ պատերազմն է, եւ որի արժեքը մինչեւ 2025 թվականը կարող է հասնել 250 միլիարդ շեկելի (67,4 միլիարդ դոլարի), սպառնում է տասնամյակներով հետ հետ շպրտել երկրի տնտեսությունը: Նման կանխատեսում ներկայացրել է Bloomberg-ը՝ մատնանշելով 2023 թվականի չորրորդ եռամսյակում Իսրայելի արդյունաբերական արտադրության անկումը, որը տարեկան կտրվածքով կազմել է 21,7%։
Այժմ, ըստ տնտեսագետների, կրկնվում է 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմի (պատերազմ Եգիպտոսի եւ Սիրիայի հետ, որը տեւել է 1973-ի հոկտեմբերի 6-ից 25-ը) հետեւանքների սցենարը, երբ Իսրայելը տարիներ վատնեց պաշտպանական ծախսերի եւ տնտեսական զարգացման հավասարակշռությունը վերականգնելու համար: Այն պնդումները, թե Իսրայելը այլեւս եւրբեք չպետք է թշնամական հարձակումներից անակնկալի գա հանգեցրել էին պաշտպանական ծախսերի հսակայական աճի։ 1973-1975 թվականներին դրանք այնքան էին աճել, որ հասել էին ՀՆԱ-ի միջինը գրեթե 29%-ի։ Կառավարության դեֆիցիտը հասել էր ՀՆԱ-ի 150%-ի, ինչի արդյունքում գրանցվել է 500% գնաճ:
Տնտեսական շրջանակներում հայտնի որպես «կորցրած տասնամյակի» ժամանակաշրջանն ավարտվեց 1980-ականներին, երբ երկիր հրավիրվեցին օտարերկրյա փորձագետներ՝ օգնելու մշակել կոշտ բարեփոխումներ, որոնք կրճատեցին պետական ծախսերը, կայունացրին շեկելը եւ ներգրավեցին օտարերկրյա ներդրումներ:
Պաշտպանական ծախսերը մինչեւ 2023 թվականի հոկտեմբերը ռեկորդային ցածր են եղել՝ կազմելով ՀՆԱ-ի 4,5%-ը։ Թել Ավիվի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր Մանուել Թրայտենբերգի խոսքով, դրանք այս տարի կկրկնապատկվեն: Եթե կառավարությունը չկարողանա «մի քանի տարվա ընթացքում ռազմական ծախսերի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը հասցնել ողջամիտ մակարդակի, ապա երկրի տնտեսությանը սպասվում է եւս մեկ կորցրած տասնամյակ», — ասել է նա:
Երուսաղեմի եբրայական համալսարանի սոցիոլոգ Գադ Յաիրն էլ գտնում է, որ «Ներկայիս պատերազմը կարճ դրվագ չի լինելու», որից Իսրայելը կկարողանա արագ վերականգնվել։
«Սա կտեւի առնվազն երկու-երեք տարի, մինչեւ մենք հասկանանք, թե ինչպես պաշտպանել մեր սահմանները»,-նշել է Յաիրը։