ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 5-9-ը կայցելի Ֆրանսիա, որտեղ կմասնակցի 1944 թվականին Նորմանդիայում դաշնակիցների դեսանտավորման եւ Նացիստական Գերմանիայի դեմ երկրորդ ճակատի բացման 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերի գրավոր հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է պարզաբանման մեջ, Բայդենը նախատեսում է այցելել Նորմանդիա եւ Փարիզ։ Նա մտադիր է ելույթ ունենալ հունիսի 6-ին եւ 7-ին, որոնց ընթացքում ի թվս այլ հարցերի կխոսի նաեւ «ազատության եւ ժողովրդավարության պաշտպանության կարեւորության» թեմայով։ Հունիսի 8-ին ԱՄՆ նախագահին Փարիզում կընդունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրանք կքննարկեն «միջազգային մարտահրավերների լայն շրջանակ եւ երկկողմանի հարցեր»։
Ընդհանուր առմամբ, Ֆրանսիան ակնկալում է երեք օրվա ընթացքում ընդունել մոտ 1 միլիոն հյուր Նորմանդիայում եւ Բրետանում տարբեր արարողությունների ժամանակ, որոնցից ամենամեծը տեղի կունենա Օմահա առափնյա հատվածում: Միջոցառումներին մասնակցելու են 25 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ Բայդենը եւ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը։