Լոռու մարզի Ախթալա բնակավայրը աղետից հինգ օր անց կրկին կապվել է արտաքին աշխարհին։ Հեղեղից քշված կամրջի՝ կանգուն մնացած հատվածի վրա մետաղական կամուրջ է տեղադրվել, որով Դեբեդի մյուս ափ՝ գլխավոր մայրուղի կարող են հասնել նաեւ Ախթալային հարակից Շամլուղի, Բենդիկի, Ճոճկանի, Քարկոփի, Մեծ Այրումի եւ Փոքր Այրումի բնակիչները։
Վերջին օրերին Ախթալայի հետ կապը, անհրաժեշտ դեպքերում, Ալավերդու Մադան թաղամասից դեպի Շամլուղ հատվածով է եղել։ Նշված ճանապարհը երթեւեկելի չէ սովորական մեքենաների համար եւ խիստ վտանգավոր է․ համայնքապետարանից են հայտնում։
«Օրուգիշեր աշխատում են երկու կողմից, որպեսզի էդ ճանապարհը երթեւեկելի պահեն, շատ բարդ ճանապարհ է իրականում, բնակիչներին խորհուրդ չեմ տալիս այդ կողմով գնալ։ Եթե ինչ-որ բան կա տեղափոխելու, թող դիմեն համայնքապետարան։ Այդտեղով «Զիլ», «Ուրալ» մակնիշի մեքենաներն են երթեւեկում, վտանգավոր է։ Էս գիշեր էլ գետը նորից եկել, վնասել է, նորից աշխատանքեր են տարվում, որպեսզի ճանապարհը երթեւեկելի դառնա»,- «Ալիք Մեդիա»-ին ասաց Ալավերդու համայնքապետի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը։
Հեղեղի հետեւանքով Լոռիում եւ Տավուշում ամբողջովին կամ մասնակի փլուզված կամուրջների թիվն արդեն հասնում է 20-ի։ Այս մասին երեկվա ասուլիսում լրագրողներին հայտնեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Դրանց մանրամասն ուսումնասիրության եւ վերականգնման վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ կլինեն այն ժամանակ, երբ ջրի մակարդակը իջնի։
Սանահին կայարանում գետի երկու ափերը դեռ պարանն է կապում։ Փրկարարներն այստեղից չեն գնում, շուրջօրյա ռեժիմով մարդկանց ու բեռներ են տեղափոխում։
Նախարար Սանոսյանի գնահատմամբ՝ աղետի ամենաբարդ կետերից մեկն է Սանահինը․ միաժամանակ վթարվել են զուգահեռ երկու կամուրջներ։
Դրանցից մեկը՝ հետիոտնային հին կամուրջը, դեռ տարիներ առաջ կրկին Դեբեդի վարարումների հետեւանքով վնասվել եւ վտանգավոր էր դարձել։ Այդ հատվածով մարդկանց անցուդարձը դադարել էր։ Մայիսի 26-ի գիշերը՝ հեղեղի ժամանակ, երկրորդ կամրջի փլուզման պատճառ նաեւ հին կամրջի մետաղական կոնստրուկցիան է դարձել։
Հիմա քննարկվում է հին կամրջի տեղում ժամանակավոր անցում կառուցելու հարցը։ Միաժամանակ Սանահին կայարան թաղամասի սկզբնամասում, որտեղ եւս երկու փոքր վթարված կամուրջներ կան, արդեն վերականգնման աշխատանքներ են սկսվել։
Բնակիչները հիմնականում դեմ են խնդրի՝ այս տարբերակով լուծմանը, որովհետեւ ստիպված են լինելու անմատչելի կածանով թաղամասի մյուս հատվածներ հասնել։ Անգամ կատակում են՝ «ճիպոտը ձեռին, չոբան դարձած՝ սարերն են ընկնելու»։
Այստեղ թաղամասից կտրված մի առանձնատուն կա, ուր Անահիտ Աղայանն ամուսնու եւ որդու ընտանիքի հետ է ապրում։ Արդեն 50 տարի։ Դեբեդի «բերած» փորձանքներին լավ ծանոթ են, գրեթե միշտ սեփական ուժերով դրանք հաղթահարել եւ շարունակել են ապրել։ Իսկ նախանցած տարի, երբ գետը քշել-տարել էր ճոճվող կամուրջը, ընտանիքի անդամները տեւական ժամանակ անտառով են թաղամաս դուրս եկել, մինչեւ սեփական ուժերով բարեկարգել են մյուս՝ զուգահեռ կամուրջը։
«Ժամանակին շատ խնդրեցինք մեր ղեկավարներին, որ օգնեն, մի քիչ ամրացնենք կամուրջը։ Ասին՝ անօրինական ա։ Հիմա երեւի օրինական է դարձել, որ սարքում են։ Մենք ուրախ ենք, որ գոնե էս ճանապարհը կբացվի։ Էստեղի ժողովուրդն էլ անտառներին, հանդուչոլին սովոր են, կհարմարվեն։ Մի քանի տարի առաջ էս կամուրջը կախվել էր, ծառ էր կպել տակից, իմ էրեխեքի հետ անտառով գնացել, հիմիկվա էդ քանդված կամրջով ենք դուրս էկել»,- պատմում է տիկին Անահիտը։
Այս անգամ, երբ ափերից դուրս ելած Դեբեդն արդեն բոլոր ճանապարհներն է քշել-տարել, Անահիտ Աղայանի ընտանիքը տարհանման սեփական պլանն է մշակել։ Նրանց տան մոտով է անցնում «Հայկական լեռնաշխարհ» քայլարշավային արահետը։ Մոտ տասը կիլոմետր քայլել են, որ «դուրս գան» Սանահին գյուղ։
Իսկ այսօր Անահիտ Աղայանի ընտանիքին պատկանող ավտոտնակն է փլուզվել, որը Դեբեդի ափին էր՝ արդեն նորոգվող կամրջի մոտ։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։