ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ուկրաինային գաղտնի թույլտվություն է տվել ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին, բայց միայն Խարկովի շրջանում, գրում է Politico-ն՝ վկայակոչելով երեք պաշտոնյաներից ստացած տեղեկատվությանը, ովքեր ցանկացել են անանուն մնալ։
Աղբյուրներից մեկի խոսքերով Բայդենը իր թիմին կարգադրել է Ուկրաինայի համար ապահովել Վաշինգտոնի տրամադրած զինատեսակներով ռուսական բանակին հակազդելու հնարավորությունները, որոնք հարվածում, կամ պատրաստվում են հարվածներ հասցնել Խարկովի ուղղությամբ։ Նա հավելել է, որ Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ հեռահար հարվածների քաղաքականությունը «չի փոխվել»։
Հրապարակայնորեն Սպիտակ տունը դեմ է արտահայտվում Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար ամերիկյան զենքի կիրառմանը՝ մտավախություն ունենալով, որ դա կհանգեցնի էսկալացիայի:
Մայիսի կեսերին ուկրաինացի պաշտոնյաների պատվիրակությունը այցելել էր Վաշինգտոն՝ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների հետ այդ արգելքը վերցնելու անհրաժեշտության շուրջ բանակցություններ վարելու համար։ Ըստ The New York Times-ի՝ արգելքը վերացնելու գաղափարը պաշտպանում է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ով կոչ է անում Բայդենին անել դա։