Գերմանիան հանել է Ռուսաստանի տարածքում տեղակայված ռազմական օբյեկտների վրա հարձակումների համար Ուկրաինային մատակարարվող գերմանական զենքի օգտագործման սահմանափակումը։ Այս մասին մայիսի 31-ին հայտարարել է Դաշնային հետախուզական ծառայության խոսնակ Շտեֆեն Հեբեշրայթը։
Բեռլինի դիրքորոշումների փոփոխության պատճառը, ինչպես հետեւում է նրա խոսքերից, մայիսի սկզբին Խարկովի մարզում սկսված ռուսական հարձակումն էր։ Գերմանական կառավարության ներկայացուցչի խոսքով՝ «վերջին շաբաթներին Ռուսաստանը նախապատրաստում, համակարգում եւ հարձակումներ է իրականացնում Խարկովի շրջանի դիրքերից, մասնավորապես՝ սահմանին անմիջապես հարող տարածքից»։
Հեբեշրայթը իր խոսքում ընդգծել է, որ «Ուկրաինան իրավունք ունի, համաձայն միջազգային իրավունքի, պաշտպանվելու այդ հարձակումներից»:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նախկինում բազմիցս հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ պայմանավորվածության է հասել, որ վերջինս գերմանական զենք չի օգտագործի ռուսական տարածքում գտնվող թիրախները խոցելու համար, եւ որ ինքը դեմ է արգելքի վերացմանը։
Սակայն վերջին օրերին հաղորդվում էր, որ Շոլցը պատրաստ է փոխել իր դիրքորոշումը։ Անձամբ կանցլերը հայտարարել էր, որ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք՝ «համաձայն միջազգային իրավունքի»։
Հեբեշրայթի հայտարարության մեջ չի նշվում՝ արդյոք թույլտվությունը սահմանափակվում է Խարկովի մարզով, թե տարածվում է նաեւ այլ տարածքների վրա։ Գերմանիան, ի տարբերություն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի, Ուկրաինային չի մատակարարել հեռահար հրթիռներ, որոնք կարող են խոցել թիրախները Ռուսաստանի տարածքում։
Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նույնպես մասամբ վերացրել է Ռուսաստանում թիրախներին հարվածելու համար ամերիկյան զենքի կիրառման սահմանափակումները։ The New York Times-ի փոխանցմամբ՝ Բայդենը իր վարչակազմի սահմանված կանոնները փոխել է Խարկովի մարզում ռուսական հարձակման մեկնարկից հետո։