Իրանում մեկնարկել է հունիսի 28-ին սպասվող արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացող թեկնածուների գրանցման գործընթացը։ Այս մասին հայտնում է պետական IRNA գործակալությունը։
Ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ գրանցման հնգօրյա ժամկետին կհաջորդի դիմումների մեկշաբաթյա վերանայումը: Բոլոր թեկնածուները պետք է հաստատվեն 12 հոգուց բաղկացած Պահապանների խորհրդի կողմից:
Նշենք նաեւ, որ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունը պաշտոնապես այսօր՝ մայիսի 31-ին գրանցել է Իրանի խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին։
Ենթադրվում է, որ եթե Պահապանների խորհուրդը հաստատի ԼարիջանիԻ թեկնածությունը, ապա կդառնա նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդներից։
Իրանում նախագահական հերթական ընտրությունները պետք է անցկացվեին 2025 թվականին, սակայն այն տեղափոխվեց՝ մայիսի 19-ին ուղղաթիռի վթարից նախագահ Էբրահիմ Ռաիսիի անսպասելի մահից հետո: