Եվրամիությունը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Իրանից եւ Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի ենթադրյալ մատակարարումների հետ կապված։ Պատժամիջոցների ցանկը ներառում է վեց ֆիզիկական եւ երեք իրավաբանական անձ, որոնք ենթադրաբար կապված են ԿԺԴՀ-ից մատակարարումների հետ, ինչպես նաեւ վեց ֆիզիկական եւ երեք իրավաբանական անձ Իրանից, որոնց թվում է նաեւ պաշտպանության նախարար Մոհամմեդռեզա Աշտիանին:
Մասնավորապես, պատժամիջոցների ցանկում ընդգրկված են ՌԴ Պրիմորսկի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն եւ ռուսական «Արեւելյան Ստիվիդորյան ընկերությունը»։ Ենթադրվում է, որ նախորդ տարվա սեպտեմբերին Կոժեմյակոն կարեւոր դեր է խաղացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի Ռուսաստան այցի կազմակերպման գործում եւ այդ այցի ընթացքում նրան տրամադրել է այնպիսի զինատեսակների նմուշներ, որոնք արգելված են ՄԱԿ-ի պատժամիջոցներով։
«Արեւելյան Ստիվիդորյան ընկերությունը» Խաղաղօվկիանոսյան Վոստոչնի նավահանգստի օպերատորն է, որն ըստ տեղեկությունների ռազմական բեռներ է ստանում ԿԺԴՀ-ից։ Պատժամիջոցների ցուցակում կան նաեւ Հյուսիսային Կորեայի քաղաքացիներ եւ ընկերություններ։
ԵՄ կայքը հրապարակել է նաեւ մի շարք եվրոպական երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի արտաքին գործերի ղեկավարների համատեղ հայտարարությունը, որում ասվում է, որ նրանք համաձայնեցված կերպով նոր պատժամիջոցներ կսահմանեն ԿԺԴՀ-ի դեմ՝ կապված «ԿԺԴՀ-ից Ռուսաստան զենքի անօրինական փոխանցման հետ՝ Ուկրաինայի դեմ հարձակումների ժամանակ օգտագործելու համար»:
Պատժամիջոցներ են մտցվել նաեւ Փհենյանի միջուկային հրթիռային ծրագրի ընդլայնման հետ կապված։
Իրանի դեմ պատժամիջոցները, ինչպես ասվում է ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ, ընդլայնվել են ոչ միայն «Շահեդ» հարվածային անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանին մատակարարելու համար, այլ նաեւ Իսրայելի վրա հրթիռային հարձակման, ինչպես նաեւ Եմենի եւ Սիրիայի ռազմականացված խմբավորումներին աջակցելու պատճառով։