Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզպետի աշխատակազմը եւ Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցիչները «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» վերաբերյալ իրազեկման շրջայցեր են կատարում մարզի բոլոր համայնքներում։ Հերթական հանդիպումը Ախուրյան համայնքում էր, որտեղ ապրում են շուրջ չորս հարյուր բռնի տեղահանվածներ։
Հանդիպման ընթացքում մարզպետի աշխատակազմի պատասխանատուները հանգամանորեն ներկայացրել են ծրագրի դրույթները։
«Շիրակի մարզում հաստատվելու առաջին իսկ օրից մեզ համար սկզբունքային է եղել ձեզ հետ անհատական աշխատանքը, բոլորիդ առանձին լսելն ու խնդիրների լուծման համար օր առաջ քայլեր ձեռնարկելը։ Հանդիպումներ բազմիցս շատերիդ հետ ունեցել ենք, որոնք եղել են շարունակական, այժմ էլ հերթական անգամ նախաձեռնել ենք հանդիպում՝ նպատակ ունենալով կրկին լսել ձեր մտահոգություններն ու անհանգստացնող հարցերը, փորձել տալ սպառիչ պատասխաններ, միեւնույն ժամանակ ձեզ տեղեկացնել Կառավարության բնակարանային ապահովման ծրագրի մասին»,-ասել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Ծրագրից օգտվելու համար ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը պարտադիր է։
Աջակցության երեք եղանակներ կան՝ բնակարանի ձեռքբերման կամ տան կառուցման հավաստագրի տրամադրում, գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։ Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով հինգ, չորս կամ երեք միլիոն դրամ է՝ ըստ ընտրած բնակավայրի։
Առաջին փուլում կընդգրկվեն երեք եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ երկու անչափահաս ունեցող ընտանիքները եւ զոհվածի կամ այլ խոցելի խմբերի ընտանիքները, գործող հիփոթեք ունեցողները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որոնք կհամարվեն վարկունակ եւ աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից։
Երկրորդ փուլում կընդգրկվեն երկու անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ մեկ անչափահասով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը կլինի ոչ ուշ, քան 2026 թվականի սկզբին։
Երրորդ փուլում կընդգրկվեն ցանկացած կազմով ընտանիքները։ Ծրագրի երրորդ փուլի մեկնարկը կլինի ոչ ուշ, քան 2027 թվականի հունվարի 1-ին:
Հանդիպման ավարտին Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն Ախուրյանում հաստատված ղարաբաղցիներին լավ լուր է հայտնել․ բոլոր նրանք, ովքեր կցանկանան տուն կառուցել Ախուրյանի բնակավայրերում, հողհատկացումը կլինի անվճար։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։