Ախթալային հարակից բնակավայրերից մեկն է Քարկոփը եւ միակը հեղեղից տուժածների մեջ, որի ամբողջ բնակչությունը՝ 270 մարդ, տարհանված էր։ Խճի գործարանի շուրջ ձեւավորված փոքր այս ավանում շենք-շինություններն էլ փոքր են։ Այստեղ աղետի պատճառած վնասներն են մեծ։
Փլվել է բնակավայրը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 մայրուղուն կապող կամուրջը։ Ելումուտը Ճոճկան-Այրում-Ախթալայի միջով է եւ Այրում երկաթուղային կայարանով՝ ջերմաքարշով կամ երկաթգծի երկայնքով երեք կիլոմետր քայլելով։ Բայց Քարկոփում ապրողներն այս օրերին որեւէ տեղ չեն գնում, ավելի շատ դրսից են մարդիկ գալիս՝ հարազատ-բարեկամներ, կամավորներ, լրագրողներ, ՏԻՄ ներկայացուցիչներ։
Բոլոր յոթ շենքերի բակերում, շքամուտքերում ու տներում իսկական խառնաշփոթ է։ Մարդիկ կանգնած սպասում են՝ տրակտորը մոտենա եւ տանի ամբողջ կյանքի ընթացքում իրենց արած-դրածը, որ կորցրել են մի քանի ժամվա ընթացքում։ Փրկված իրեր գրեթե չկան։
Պարկերով ալյուր, 200 լիտր օղի, տարբեր պահեստամասեր, գործիքներ, երեք այգի, երկու մեքենա, երկու բնակարան կամ պարզապես 57 տարվա աշխատանք, որ «ջրին է մնացել»։
Նարինե Նորեկյանի ընտանիքը սեփական այգիներից ստացած եկամուտով էր տունն ու գույքը նորացրել, կենցաղը բարելավել։ Ասում է՝ հիմա տունը մաքրում է տիղմից, որ խիղճն իրեն հետո չտանջի։
«Թեկուզ օգնություն տան, իմ մեջ չկա էդ ուժը, ցանկությունը, հույսը, որ մենք կկարողանանք ստեղծել էն, ինչ-որ ստեղծել էինք։ Ցանկություն էլ չկա էստեղ վախով ապրելու։ Ո՞վ ա էդ անվտանգության պահը երաշխավորելու։ Չգիտեմ։ Պատկերացրեք՝ ոչ մի բանի կարիք չունենք, միայն՝ տրամադրության։ Ամեն ինչ կանցնի, բայց տարիներ են պետք։ Իսկ էս տարիքում տարիներն արդեն իմ օգտին չեն, չգիտեմ՝ կկարողանա՞մ հաղթահարել էս ամենը»։
32-ամյա Մելինե Օհանյանի բնակարանում մեկ սենյակն էր «մի քիչ նորոգած»։ Գույքն ու կենցաղային տեխնիկան էլ մասնակի են նորացրել՝ քիչ-քիչ, տարիների ընթացքում։ Չորս երեխաների մայրը տան միակ կայուն աշխատավարձ ունեցողն է՝ 37 հազար դրամ։ Մտահոգ է, որ չի հասցրել գոնե փաստաթղթերը վերցնել։ Երբ ջուրը վայրկյան-վայրկյան բարձրացել է, միայն երեխաներին փրկելու մասին է մտածել, ասում է։
«Զույգերիս մահճակալն է փլվել, վաղուցվա էր։ Երկու հատ պահարան, երկուսն էլ թափելու ա, շոր չկա։ Էղածը սաղ ցեխի մեջ էր, կեսը՝ ջարդված։ Չգիտեմ, թե ոնց ենք անելու»։
Քարկոփի բնակիչ Գագիկ Սիրադեղյանը միանգամից այգի է ուղեկցում․ տան վնասները մեծ չեն, իսկ այգին չկա։ Քարքարոտ տարածքում գետի բերվածք է, արմատախիլ եղած ծառեր։ Եվ անասնագոմը՝ փլուզված։
«Վեց-յոթ հազար մետր հողամաս էր։ Ինչ կար, ջուրը տարել ա, վեց հատ մայր խոզ էր՝ գոճիներով, բուրվակներ, լրիվ քշել ա։ Այգում ամեն ինչ ունեինք՝ կառալյոկ, կիվի, խնձոր, սալոր, ելակ, գիլաս, ամեն ծառ էլ կար, մենք դրանով էինք ապրում։ Էրեխեքիս էս այգով եմ սովորացրել, «մարդ դարձրել», հիմի քաղաքում են ապրում։ Տարեկան 7-8 հազար դոլար փող էի ստանում այգուց։ Ընտանիքս սրանով էի պահում»,- ասում է Գագիկը։
Նրա մյուս հողամասում նույնպես վնասները մեծ են, բայց «կսարքեն, նորից այգի կդառնա»։ Պարզապես հիմա ուժասպառ են, դեռ չգիտի՝ կկարողանա՞։ Ընտանիքի կրած վնասները արդեն գույքագրել են, բայց չգիտեն՝ ինչի դիմաց ինչ կստանան։
Մի տնից չեն՝ մի օրի են․ աղետից տուժածների պատմություններն էլ իրարից շատ չեն տարբեր։ Բացառությամբ երկրորդ հարկերում ապրողների՝ մյուսներն ամեն ինչ կորցրել են։ Բայց ջրհեղեղի գիշերվա սարսափը բոլորը հավասար են ապրել։
Երկրորդ հարկերից մարդկանց տրակտորի շերեփով իջեցրել, հետո հանել են բնակավայրից։ Իսկ երեխաներին՝ գրկած կամ ուսերին դրած․ թեթեւ մարդատարների մի մասը հեղեղը չեն հաղթահարել։
Քարկոփում միայն գազամատակարարումն է վերականգնվել։ Լույս, ջուր եւ կոյուղի չկա։ Բայց այսպիսի «չկա»-ների հարցում բնակիչները շտապողական չեն․ տներում սարքին բան եւ ապրելու պայմաններ չկան։ Նրանց հիմա օգնող ձեռք ու վառելիք է պետք, որ կարողանան ամեն օր հարեւան Ախթալայից, Ճոճկանից իրենց տուն հասնել։
Տուժած բնակիչներին համայնքապետարանը սնունդ ե՛ւ Ճոճկանում ե՛ւ Քարկոփում տրամադրում է։ Ցերեկը նրանք Քարկոփում են, տունն ու բակերն են մաքրում, գիշերը գնում են Ճոճկան՝ իրենց ժամանակավոր կացարաններ։
«Սնունդն ապահով է, գազ, բենզին, վառելիք ա պետք, որ ժողովուրդը դես-դեն գնա, հոգան իրանց կարիքները, շատ են գնում-գալիս»,- ասում է Ճոճկանից օգնելու եկած Ալիկ Հակոբյանը։
«Սաղ թափելու ա։ Քիչ-քիչ կգան, կբարձեն, կտանեն։ Առաջին հարկում ապրող ժողովուրդ են, խոնավությունը պատերի մեջ ա, դժվար թե կարենան ապրեն»,- ասում է Նարեկ Ղազարյանը, որ աղետի առաջին օրից հարեւան գյուղի կողքին է։
Քարկոփում մաքրման աշխատանքներն ակտիվացել են։ Երկաթգծով եւս մի քանի միավոր տեխնիկա են բնակավայր հասցրել։ Ամեն օր նաեւ կամավորական խմբեր են գալիս։ Իսկ տեղացիներն արդեն Ճոճկանում, Այրումում եւ Ախթալայում վարձով տուն են փնտրում։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։