Տատս միշտ ասում էր՝ «Սեղանի անկյունի մոտ մի նստի, տանը կմնաս», մամաս էլ ասում էր՝ «Անկյունի մոտ նստի, որ էս կյանքում քո անկյունը գտնես»։ Հիմա ո՞ւր պիտի նստեմ, չգիտեմ։
Բացի անկյունի մոտ նստել-չնստելը, մենք հավատում ենք բազմաթիվ սին բաների։ Սեւ կատու տեսանք, ճամփա ենք փոխում, աչքներս սառեց, ուրեմն անպայման հյուր կգա, անգամ գիշերը աղբ չենք թափում՝ կարծելով, որ վատ նշան է։
Ի՞նչ է սնահավատությունը
Անունն արդեն հուշում է՝ հավատք առ սին, դատարկ, անհիմն բաները։ Սնահավատությունը կապված է կրոնի, միստիկայի, աստղաբանության, ժողովրդական եւ առասպելական հավատալիքների հետ: Թեեւ շատերն անվստահությամբ, նույնիսկ ծիծաղով են վերաբերվում դրան, այն դեռեւս տարածված է մեր կյանքում, եւ կարծես առօրյայի անբաժան մասն է։
Գրեթե բոլոր կրոններն ունեցել են որոշ ծեսեր, որոնք ժամանակակից չափանիշներով կարելի է սնահավատություն համարել։ Օրինակ՝ Հին Եգիպտոսում մահացածների մնացորդները համարվում էին կախարդական հմայիլներ, որոնք ծառայում էին չար ոգիներից եւ հիվանդություններից պաշտպանվելուն։ Հին եգիպտական մի քանի թաղումների ժամանակ հնագետները լեզվի տեսքով հմայիլներ են հայտնաբերել. այս կերպ մահացածներին հնարավորություն էր տրվել խոսելու հանդերձյալ աշխարհում:
Ինչո՞ւ ենք հավատում
Հին ժամանակներում մարդիկ չէին կարողանում բացատրել բազմաթիվ երեւույթներ, որոնք այսօր հեշտությամբ բացատրվում են գիտականորեն: Հետեւաբար, սնահավատությունը մեզ շրջապատող աշխարհը հասկանալու եւ դրա վրա որոշակի վերահսկողություն ձեռք բերելու միակ միջոցն էր:
Ժամանակակից մարդը, չնայած գիտության եւ տեխնիկայի նվաճումներին, դեռեւս հակված է հավատալու սին բաների: Հոգեբանները առանձնացնում են մի քանի գործոններ, որոնք կարող են ազդել մարդկանց մոտ սնահավատության առաջացմանը:
Առաջինը վերահսկողության անհրաժեշտությունն է։ Եթե մարդը հավատում է, որ որոշ գործողություններ կարող են հաջողություն բերել, նա պատրաստ է կրկնել դրանք, երբ անհրաժեշտ է: Ենթադրենք ունի «հաջողակ» վերնաշապիկ, որով անցել է մի քանի հարցազրույց, հաջորդին էլ, անպայման, դա կհագնի։ Նման բաները օգնում են նվազեցնել անհանգստությունը։
Սակայն կարող է լինել նաեւ հակառակը, երբ մարդը սեփական գործողությունների համար պատասխանատվություն չի ուզում ստանձնել։ Եվ այս դեպքում վատ օրվա միակ մեղավորը կարող է լինել ճանապարհը հատած սեւ կատուն։ Այս կերպ մարդն ինքն իրեն ազատում է սեփական գործողությունները վերլուծելու բեռից։
Ավելի մանրամասն հասկանալու համար, թե որտե՞ղից եկան սնահավատությունները եւ ի՞նչ է այն իրականում, խոսել ենք բանագետ Հասմիկ Գալստյանի հետ։
«Սնահավատությունը, այնքան հին է, որքան մարդը։ Սնահավատական ցանկացած դրսեւորում գալիս է մարդու նախնական պատկերացումներից՝ կապված աշխարհընկալման հետ։ Նախնադարյան մարդը չկարողանալով բացատրել բնության երեւույթները, ինչպես նաեւ չհասկանալով, թե ինչ գործընթացներ են առօրյայում կատարվում, իր համար հորինել է որոշակի կերպարներ, դրանցից սկսել է վախենալ, այդ կերպարների նկատմամբ հորինել է գործողությունների համակարգ, որով պաշտպանվում է»,- ասաց Հասմիկ Գալստյանը։
Սնահավատությունների որակը եւ տեսակը պայմանավորված է տվյալ ժողովրդի թե՛ բնակլիմայական պայմաններով, թե՛ աշխարհագրական դիրքով։
Մարդիկ չեն կարողանում ազատվել սնահավատական այդ դրսեւորումներից, քանի որ դրանք բավականին արմատացած են իրենց ներսում։ Կապ չունի, թե տվյալ մարդը որ երկրում է ապրում, եւ երկիրը զարգացվածության ինչ մակարդակ ունի։
«Մարդը չի կարողանում ազատվել սնահավատական դրսեւորումներից սովորույթի ուժով, այն մարդու ենթագիտակցության մեջ է նստած։ Ես չեմ պատկերացնում, որ աշխարհում լինի մի երկիր, մի ժողովուրդ, որը չունենա սնահավատական դրսեւորումներ, դա բացառված է»,- ասաց Հասմիկ Գալստյանը։
Հասմիկ Գալստյանը նաեւ ավելացրեց, որ ցանկացած սնահավատական դրսեւորում ունի իր բացատրությունը եւ անդրադարձավ Հայաստանում ամենատարածվածներին։
«Հենց աղը թափվում է արագ խաչ են անում վրան, կամ ջուր են լցնում, որ լուծվի եւ հանկարծ վեճ, կռիվ չլինի։ Պատկերացրեք նախամարդը, որը աղը շատ դժվարությամբ էր հայթայթում, ոչ բոլորին էր հասանելի, այսօրվա մեր տերմինաբանությամբ՝ ոսկու գնի էր աղը, եթե ոչ ավելի թանկ։ Մի փշուր աղը թափելիս կռիվ էր լինում, չէ որ այն շատ թանկ ձեռքբերված բան էր, չի կարելի դա վնասել։
Ինչու են մարդիկ էդքան սարսափում էդ սեւ կատվից, կատուն ընդհանրապես անդրաշխարհի խորհրդանիշն է, սեւն էլ անդրաշխարհի գույնն է, այսինքն համարում են, որ կատուն այն աշխարհից եկած էակ է եւ ճանապարհդ, որ անցնում է, ուրեմն շատ վատ բան է լինելու»,- բացատրեց Հասմիկ Գալստյանը։
Հարցին, թե երբ կվերանան սնահավատությունները Հասմիկ Գալստյանն ասաց, որ հարյուրամյակներ, գուցե հազարամյակներ են հարկավոր, քանի որ հասել ենք 21-րդ դար եւ բավականին տարածված են դրանք, ուստի չի կարծում, որ 22-րդ դարում սնահավատությունները կմոռացվեն։
Սնահավատությունն իհարկե թույլ է տալիս մարդկանց ձեռք բերել իրենց կյանքի նկատմամբ վերահսկողության զգացում: Բայց այն ունի նաեւ բացասական ազդեցություն, սնահավատոությունները կարող են ստիպել հավատալ, որ կեղծ գիտությունը եւ կեղծ բժշկությունը արդյունավետ են, երբ իրականում ապացույցներ չկան: Սա խնդիր է դառնում, երբ որոշ մարդիկ ավանդական բժշկությունը փոխարինում են կասկածելի բուժումներով:
Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսն էլ, հույս ուներ, որ կեղծ գիտական թերապիայի միջոցով կբուժի քաղցկեղը, բայց երբ մտափոխվեց, արդեն շատ ուշ էր։
Աստղիկ Հովհաննեսով