Չինաստանի եւ Թայվանի խաղաղ «վերամիավորման» հեռանկարը խաթարվում է կղզու «անջատողական» ուժերի եւ արտաքին խաղացողների կողմից, հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունը Սինգապուրում «Շանգրի-Լա երկխոսություն» միջազգային անվտանգության ֆորումի ժամանակ։
ՉԺՀ պաշտպանության նախարարության ղեկավարի հայտարարությունները հնչել են Թայվանի մերձակայքում չինական վերջին զորավարժությունների եւ կղզում իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցության ներկայացուցիչ Լայ Ցինդեի նախագահական ժամկետի սկզբի ֆոնին, ով հանդես է գալիս Չինաստանից Թայվանի անկախության եւ Միացյալ Նահանգների հետ մերձեցման օգտին:
Նախարարը Թայվանի իշխող Դեմոկրատական առաջադիմական կուսակցությանը մեղադրել է «անջատողականության», նախնիների եւ չին ազգի «դավաճանության», իսկ այլ պետություններին՝ իր երկրի «ներքին գործերին միջամտելու» մեջ։
«Մենք վճռական քայլեր կձեռնարկենք՝ սահմանափակելու Թայվանի անկախությունը եւ ապահովելու, որ նման դավադրությունը երբեք չհաջողվի։ Մենք վստահ ենք Թայվանի անկախությունը զսպելու մեր կարողության մեջ»,-ասել է Դոնգ Ջունը։
Ի պատասխան՝ Թայվանի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Չինաստանը խեղաթյուրել է Թայվանի կառավարության դիրքորոշումը ֆորումի ժամանակ, որտեղ Թայվանին թույլ չեն տվել ներկայացուցիչներ ուղարկել:
«Չինաստանի կառավարությունը չունի բավականաչափ վստահություն Թայվանի կառավարության հետ երկխոսություն սկսելու համար, եւ նրա իռացիոնալ հայտարարությունները չեն կարող միջազգային ճանաչում ձեռք բերել»,-ասվում է հայտարարության տեքստում։
Իր հերթին, ամերիկացի պաշտոնյան, ով անանուն մնալու պայմանով զրուցել է Reuters-ի հետ, նշել է, որ Չինաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը ոչ մի նոր բան չի ասել։
«Վերջին երեք տարիների ընթացքում, յուրաքանչյուր տարի «Շանգրի-Լա» է ժամանում Չինաստանի պաշտպանության նոր նախարար: Եվ յուրաքանչյուր տարի ելույթներ են հնչեցնում, որոնք լիովին հակասում են տարածաշրջանում չինական բանակի բռնի գործողությունների իրականությանը։ Այս տարին նույնպես բացառություն չկազմեց»,-ասել է Reuters-ի աղբյուրը։
Չինաստանը Թայվանը համարում է իր անբաժանելի մասը, սակայն Պեկինը չի վերահսկում կղզին քաղաքացիական պատերազմի ավարտից եւ 1949 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորումից հետո։ Չինաստանի իշխանությունները Թայվանի հետ «վերամիավորումը» բազմիցս են անվանել անխուսափելի։