Սինգապուրում «Շանգրի-Լա երկխոսություն» միջազգային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում Ուկրաինայի նախագահ Վալադիմիր Զելենսկին եւ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հանդիպել են ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։ Զրույցի ընթացքում Զելենսկին երախտագիտություն է հայտնել ռուսական տարածքի խորքում տեղակայված ռազմական թիրախների վրա ամերիկյան զենքի սահմանափակ օգտագործման թույլտվության համար եւ ընդգծել է ԱՄՆ-ից Ուկրաինայի շարունակական ամուր պաշտպանական եւ քաղաքական աջակցության տրամադրումը, հայտնում է Ուկրաինայի նախագահի կայքը։
«Մենք շատ երախտապարտ ենք նախագահ Ջոզեֆ Բայդենին եւ նրա վարչակազմին մեր ազատության եւ անկախության համար մղվող պայքարում շարունակական օգնության համար», — ասել է Զելենսկին։
Հանդիպման ընթացքում Օսթինը Զելենսկիին տեղեկացրել է Կիեւին տրամադրվող ռազմական օգնության մասին եւ վերահաստատել ԱՄՆ հանձնառությունը ամուր աջակցությունը պահպանելու հարցում, ասել է Պենտագոնի խոսնակը։
Զելենսկին նույնն ասել է Սինգապուրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ դա բավարար չէ ուկրաինական քաղաքացիական օբյեկտները ռուսական ռմբակոծություններից պաշտպանելու համար։
«Մենք երախտապարտ ենք նախագահ Բայդենին, որ վերջերս մեզ թույլ տվեց «Հայմարսները» օգտագործել Խարկովի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով: Բայց արդյո՞ք դա բավարար է։ Ոչ, քանի որ վերջերս ես ձեզ բերեցի օդանավակայանների օրինակները, որտեղից Ռուսաստանը անընդհատ հարձակվում է եւ բացարձակ հանգիստ՝ գիտենալով, որ Ուկրաինան չի կարող հակահարված տալ, չունի համապատասխան համակարգեր, չունի համապատասխան թույլտվություններ»,-ասել է Ուկրաինայի նախագահը։
Նախօրեին ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել էր, որ նախագահ Բայդենը կարգադրել է փոփոխություններ կատարել գործող պահանջարկներում, որպեսզի Ուկրաինային թույլատրվի տրամադրված զենքերը օգտագործել Ռուսաստանի տարածքում հարվածներ հասցնելու համար: Նա նաեւ նշել էր, որ այդ կարգադրություններն արդեն ուժի մեջ են մտել։
«Դա տեղի է ունենում Խարկովի մարզում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակման համատեքստում։ Ռուսները Ուկրաինայում թիրախները խոցել են հենց սահմանի այն կողմից։ Այնուհետեւ ուկրաինացիները դիմեցին մեզ՝ խնդրելով օգտագործել Միացյալ Նահանգների տրամադրած զենքերը, որպեսզի կարողանան հարվածել ռուսական զենքին, որն օգտագործվում էր ուկրաինացիների եւ նրանց տների վրա հարձակվելու համար»,-ասել էր Քարփենթերը։
Ամերիկացի պաշտոնյան նաեւ պարզաբանել էր, որ թույլտվությունը վերաբերում է «սահմանից այն կողմ հակահարվածներ իրականացնելուն» եւ չի ենթադրում ավելի մեծ հեռահարության (մինչեւ 300 կմ) ATACMS հրթիռների կիրառում կամ հեռահար հարվածներ։