ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Գազայում պատերազմը դադարեցնելու եւ իսրայելցի պատանդներին ազատելու եռափուլ ծրագրով։
Բայդենի խոսքով՝ Իսրայելի կառավարությունն արդեն տվել է համաձայնությունը առաջարկած ծրագրին։
ԱՄՆ նախագահի ելույթից հետո Իսրայելի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Իսրայելը չի հրաժարվում ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացման ծրագրերից, այլ ներկայացրել է պատանդներին ազատ արձակելու սեփական համաձայնագրի «ուրվագծերը»։
«Իսրայելի առաջարկած հստակ ուրվագծերը, այդ թվում փուլ առ փուլ շարժվելու պայմանները, Իսրայելին հնարավորությունկտան պահպանել իր սահմանած սկզբունքները (ՀԱՄԱՍ-ի ռազմական ու կազմակերպչական հնարավորությունների ոչնչացումը)»,-ասվում է հայտարարության տեքստում։
Մինչ այս Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է մշտական հրադադարի ցանկացած առաջարկ, քանի որ դրանք, ինչպես նշվում է իսրայելական կողմի հայտարարությունների մեջ, ենթադրում են ՀԱՄԱՍ-ի ոչնչացման մերժում։
Նման առաջարկներին էլ ավելի կտրուկ են ընդդիմադնում Նեթանյահուի կառավարության ծայրահեղ աջ նախարարները, ովքեր հաճախ են հանդես գալիս պատերազմը դադարեցնելու դեպքում իշխող կոալիցիան լքելու սպառնալիքներով։ Նման դեպքում գործող իշխանությունը պարզապես կկորցնի երկիրը կառավարելու հնարավորությունը եւ երկիրը կներքաշի ներքաղաքական ճգնաժամի մեջ։
Այս ճամբարի ամենահայտնի քաղաքական գործիչներից երկուսը` Իտամար Բեն-Գվիրը եւ Բեզալել Սմոտրիչը, շաբաթ երեկոյան կրկնեցին այդ դիրքորոշումը X-ի իրենց գրառումներում:
Բայդենը ՀԱՄԱՍ-ին նույնպես կոչ է արել համաձայնվել առաջարկվող ծարագրին։
«Հիմա իսկապես որոշիչ պահ է։ ՀԱՄԱՍ-ն ասում է, որ ցանկանում է հրադադար հաստատել: Այս գործարքը ձեր խոսքերը գործով ապացուցելու հնարավորություն է»,-ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։
Առաջարկը ՀԱՄԱՍ-ին փոխանցվել է Քաթարի միջնորդների կողմից։
Պաղեստինյան շարժումը արդեն «դրական» է գնահատել Բայդենի առաջարկած խաղաղության ծրագիրը։
Խմբավորման հայտարարության մեջ, որը մեջբերում է Reuters-ը, ասվում է, որ ՀԱՄԱՍ-ը կքննարկի «ցանկացած առաջարկ, որը հիմնված է մշտական հրադադարի եւ Գազայի հատվածից [իսրայելական ուժերի] ամբողջական դուրսբերման, [Գազայի] վերակառուցման եւ տեղահանվածների վերադարձի, ինչպես նաեւ գերիների փոխանակման գործարքի իրականացման վրա, եթե Իսրայելը հայտարարում է նման գործարքին իր հանձնառության մասին»։
Ծրագիրը բաղկացած է երեք փուլից։ Բայդենը խոստովանել է, որ հատկապես դժվար կլինի համաձայնության գալ առաջին փուլից երկրորդ փուլի անցման շուրջ։
Այսպիսով խրագիրը հետեւյալն է․
Առաջին փուլ․
- Զինադադար վեց շաբաթով։ Իսրայելական զորքերը հեռանում են Գազայի բնակելի շրջաններից։
- ՀԱՄԱՍ-ը հարյուրավոր պաղեստինցի բանտարկյալների դիմաց ազատ է արձակում չճշտված «թվով» պատանդառվածների, այդ թվում՝ կանանց, ծերերի եւ վիրավորների։ ՀԱՄԱՍ-ը նաեւ հարազատներին է վերադարձնում է զոհված պատանդներից մի քանիսի մասունքները:
- Պաղեստինցի խաղաղ բնակիչները վերադառնում են Գազայի բոլոր շրջաններ։
- Մարդասիրական օգնության կտրուկ աճ. օրական առնվազն 600 բեռնատար մարդասիրական պարագաներ կուղարկվի Գազայի հատված։ Միջազգային հանրությունը կուղարկի նաեւ հարյուր հազարավոր ժամանակավոր կացարաններ:
- Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ բանակցությունները ԱՄՆ-ի եւ Քաթարի միջնորդությամբ կշարունակվեն վեց շաբաթվա ընթացքում։
Երկրորդ փուլ․
- Ազատ արձակել մնացած բոլոր պատանդներին, ներառյալ տղամարդ զինվորականներին:
- Իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերում Գազայի հատվածից։
- Հրադադարը կվերածվի «ռազմական գործողությունների մշտական դադարեցմեան»։
Երրորդ փուլ․
- Մահացած պատանդների աճյունների վերադարձ։
- ԱՄՆ-ի եւ միջազգային հանրության մասնակցությամբ Գազայի հատվածի վերականգնման ծրագրի մեկնարկ։
Այնուամենայնիվ Բայդենի առաջարկած ծրագիրը չի հստակեցնում, թե ով է, ղեկավարելու Գազան, երբ պատերազմն ավարտվի։