Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը («Օտարերկրյա գործակալների» մասին): Այս մասին նա հայտարարել է խորհրդարանի շենքում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հրաժարվեց հաշվի առնել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի առարկությունները, որից հետո հաղթահարելով նախագահի վետոն եւ վերջնականապես հաստատեց օրենքը։ Վետոյի չեղարկման օգտին քվեարկել է 84, դեմ՝ 4 պատգամավոր։
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ եթե նախագահը, վետոն հաղթահարելուց հետո, կրկին հրաժարվում է ստորագրել օրենքը, ապա այն ստորագրում եւ հրապարակում է խորհրդարանի նախագահը 5 օրվա ընթացքում։
Նոր օրենքի համաձայն՝ «երկամսյա ժամկետում (մինչեւ օգոստոսի սկիզբ) համապատասխան մարմինները/պաշտոնյաները պետք է ընդունեն/հրապարակեն ենթաօրենսդրական ակտեր», իսկ Վրաստանի արդարադատության նախարարությունը եւ Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը պետք է իրականացնեն «նախնական նյութատեխնիկական եւ սույն օրենքի կիրարկման այլ միջոցներ»:
Օգոստոսից ի վեր ԶԼՄ-ները եւ հասարակական կազմակերպությունները, որոնք, ըստ 2023 թվականի տվյալների, ստացել են իրենց եկամտի ավելի քան 20%-ը արտերկրից (սա վրացական առցանց լրատվամիջոցների եւ հիմնականում արեւմտյան հիմնադրամների հետ աշխատող ՀԿ-ների ճնշող մեծամասնությունն է), պետք է մեկամսյա ժամկետում գրանցման հայտ ներկայացնեն Արդարադատության նախարարություն, որպես օտար կառույցների շահերը հետապնդող կազմակերպություններ։
«Օտար ուժերի շահերը հետապնդող կազմակերպությունների» բացահայտման եւ օրենքի պահանջներին համապատասխանությունը ստուգելու համար Արդարադատության նախարարությունը ցանկացած պահի կարող է մշտադիտարկում իրականացնել, իսկ լիազորված պաշտոնատար անձը կարող է ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ անձնական տվյալներ։
Օրենքի հակառակորդները վստահ են, որ այն կարող է դառնալ Վրաստանում այլախոհության դեմ ճնշման գործիք։
ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների մեծ մասն արդեն հայտարարել են, որ չեն իրականացնելու այն: