Ամերիկյան F-16 կործանիչները, որոնք Նիդեռլանդների իշխանությունները պատրաստվում են որպես ռազմական օգնություն փոխանցել Ուկրաինային, կարող են օգտագործվել Ռուսաստանում գտնվող թիրախները խոցելու համար։ Այս մասին Politico-ին տված հարցազրույցում ասել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կաիսա Օլլոնգրենը ով Սինգապուրում մասնակցում է «Շանգրի-Լա երկխոսություն» անվտանգության համաժողվին։
Օլլոնգրենի խոսքերով՝ Նիդեռլանդները սահմանափակումներ չի մտցնի, ինչպես Բելգիան, որի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն Կիեւին նախազգուշացրել էր զերծ մնալ Ռուսաստանի օդային տարածքում F-16 կիրառելուց։
«Մենք կիրառում ենք նույն սկզբունքը, ինչ ցանկացած այլ զենքի մատակարարման դեպքում․ Ուկրաինա տեղափոխելու դեպքում, նրանք են այն օգտագործում։ Մենք միայն խնդրում ենք նրանց հարգել միջազգային իրավունքը եւ ինքնապաշտպանության իրավունքը, ինչպես նշված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ինչը նշանակում է, որ նրանք այն օգտագործում են ռազմական նպատակներին հասնելու համար, որոնք անհրաժեշտ են ինքնապաշտպանության համար»,-ասել է Կաիսա Օլլոնգրենը։
Նիդեռլանդները մտադիր է Ուկրաինային փոխանցել 24 F-16 կործանիչ։ Դանիան, Նորվեգիան եւ Բելգիան նույնպես խոստացել են նույն կործանիչներից մատակարարել Կիեւին։ Առաջին կործանիչները կարող էին մատակարարվել արդեն հունիս-հուլիս ամիսներին։ Ընդհանուր առմամբ, սպասվում է, որ Ուկրաինան կստանա մոտ 45 ինքնաթիռ։