Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ պատանդառված եւս չորս անձանց մասին։ Տեղեկությունը ստացվել է իսրայելական հետախուզությունից։ Պատանդների մարմինները մնում են Գազայի հատվածում։
Չորս մահացածները՝ 79-ամյա Չայմ Փերին, 80-ամյա Յորամ Մեցգերը, 84-ամյա Ամիրամ Կուպերը եւ 51-ամյա Նադավ Փոփլվելը առեւանգվել էին կիբուց Նիր Օզից եւ Նիրիմից։ Ըստ հետախուզության՝ նրանք մահացել են մի քանի ամիս առաջ։ Նրանց մահվան հանգամանքները չեն բացահայտվում։ ՀԱՄԱՍ-ի մարտիկները նրանց միասին պահել են Գազայի հատվածի հարավում՝ Խան Յունիս քաղաքի մոտ:
Պատանդներից երկուսի կանայք՝ Նուրիտ Կուպերը եւ Թամի Մեցգերը առեւանգվել էին իրենց ամուսինների հետ, սակայն փոխանակման արդյունքում ազատ էին արձակվել նոյեմբերի 28-ին։
Դեկտեմբերին Փերիի, Կուպերի եւ Մեցգերի ներգրավմամբ ՀԱՄԱՍ-ը հրապարակել էր քարոզչական տեսանյութ, իսկ մարտին հայտարարել, որ նրանք սպանվել են Գազայի հատվածում իսրայելական հրետանու ռմբակոծությունների հետեւանքով։
Նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավի վրա հարձակման ժամանակ ՀԱՄԱՍ-ի մարտիկները առեւանգել եւ Գազայի հատված էին տարել 251 պատանդի, որոնց թվում եղել էին եւ՛ իսրայելցիներ, եւ՛ այլ պետությունների քաղաքացիներ: Նոյեմբերին նրանցից որոշները ազատ արձակվեցին՝ փոխանակելով իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի երիտասարդ եւ կին դատապարտյալների հետ։ Ներկայում ՀԱՄԱՍ-ը պատանդ է պահում 120 մարդու, որոնց թվում կան կանայք, տարեցներ եւ երեխաներ։ Հաշվի առնելով նոր հաղորդագրությունը, հաստատվել է պատանդներից 41-ի մահը։