Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «դեռեւս չի հայտարարել» Վրաստանի դեմ անհատական պատժամիջոցների մասին, սակայն Վաշինգտոնը չի վարանի նման քայլի դիմելուց։ Խոսքը Վրաստանի խորհրդարանի հաստատած «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի ընդունման դեմ պատասխան քայլերի մասին է։
«Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնել, որ այս օրենքը Վրաստանին կշեղի իր ժողովրդավարական ճանապարհից։ Այն սահմանափակում է քաղաքացիական հասարակությանը եւ խախտում խոսքի եւ հավաքների ազատությունը։ Սրանք գործողություններ են, որոնք հիմնովին կփոխեն ԱՄՆ-ի եւ Վրաստանի հարաբերությունները։ Այդ իսկ պատճառով մենք սկսել ենք վերանայել մեր հարաբերությունները եւ դիտարկում ենք հակաքայլեր»,-ասել է Միլլերը։
Ճշտող հարցին, թե արդյո՞ք ճիշտ էր Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, երբ հայտարարում էր, որ օրենքի ընդունման դեպքում «պատժամիջոցներ չեն լինելու», Միլլերը պատասխանել է. «Մենք հայտարարել ենք նոր պատժամիջոցների քաղաքականության մասին եւ դեռ չենք հայտարարել անհատական պատժամիջոցների մասին։ Ես այլեւս չեմ խոսի այս հարցի վերաբերյալ, բայց մենք հստակ ասել ենք, որ չենք վարանի դրանք [պատժամիջոցները] կիրառելուց»։