Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական, դեսպան Ակիֆ Չաղաթայ Քըլըչի հետ։
Սպիտակ տան հայտարարության տեքստում նշվում է, որ կողմերը ընդգծել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կարեւորությունը եւ ողջունել Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հարաբերությունների բարելավումը։
Զրույցի ժամանակ առաջնակարգ տեղ է հատկացվել Գազայում ընթացող հակամարտությանը, որի շրջանակներում Սլիվանը, ըստ հաղորդագրության ընդգծել է Իսրայելի առաջարկած պայմաններով հրադադարի հաստատման ու պատանդառվածների ազատ արձակման ծրագրի հետ ՀԱՄԱՍ-ի համաձայնվելու անհրաժեշտությունը։
Հայտարարության տեքստում նաեւ նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմանի հարցեր, որոնք ներառում են ահաբեկչության դեմ պայքարը, պաշտպանության ոլորտում համագործակցությունը եւ սահմանված պատժամիջոցների ռեժիմին հետեւելը։