Լրագրող-հրապարակախոս Անի Քոչարը ունեցել եւ հաղթահարել է արյան քաղցկեղի ամենավատ տեսակը։
Ասում է՝ կախված նրանից, թե դու ինչպես ես արձագանքում բուժմանը, օրգանիզմդ էլ այդպես է արձագանքում, լավ տրամադրվածությունը հիվանդության դեմ պայքարելու կարեւորագույն միջոցն է. «Անկախ ախտորոշումից եթե դու շատ ես ուզում ապրել, ինչպես հումորով են ասում, բժշկությունը դրա դեմ անզոր է»։
Անին պայքարի իր ուղու մասին գիրք է գրել՝ «Հանձնվել չկա» խոսուն վերնագրով:
«Քանի որ բոլորին չէի կարող անհատապես աջակցել, խորհուրդներ տալ, որոշեցի մարդկանց հետ կիսել այն ամենը, ինչի միջով անցել եմ եւ օգնել նրանց՝ հաղթահարելու ու կյանքի որեւէ պարագայում չհանձնվելու», -ասում է նա:
Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում էլ քաղցկեղով հիվանդացածների թիվն աճում է: 2013-2022 թվականների ընթացքում քաղցկեղով հիվանդացածների թիվը միջին հաշվով աճել է 83%-ով:
Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության տվյալների` կանանց շրջանում բարձր է կրծքագեղձի, արգանդի պարանոցի եւ մարմնի չարորակ նորագոյացություններով հիվանդացությունը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքերի, շնչափողի, բրոնխների, կոկորդի, շագանակագեղձի, միզապարկի:
Վերջին տարիներին թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում աճել է ստամոքսի, աղիների չարորակ նորագոյացություններով հիվանդացությունը:
Ուռուցքաբան Լիլիթ Ջանգուլյանը մանրամասնում է` քաղցկեղի առաջացման պատճառներից են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, անառողջ սնունդը, գազավորված ըմպելիքները, ինչպես նաեւ քիմիական նյութերի հետ աշխատելը։
«Վնասակար արտաքին գործոններից զերծ մնալով՝ ինչ-որ չափով կնվազեցնենք տարբեր հիվանդություննների, այդ թվում քաղցկեղի առաջացման ռիսկը»,- ասում է նա:
Քաղցկեղի առաջացման պատճառ կարող է նաեւ ժառանգականությունը լինել: Բժիշկն ասում է՝ եթե անհատը գիտի, որ իր հարազատների շրջանում եղել է որեւէ օրգանի քաղցկեղ, արդեն իսկ պետք է զգոն լինի եւ, հաշվի առնելով իր ընտանեկան ծանրաբեռնված ժառանգական գործոնը` գոնե տարեկան մեկ անգամ հետազոտվի:
Ամենադժվար պահերից մեկը քաղցկեղի հայտնաբերման մասին հիվանդին տեղեկացնելն է։ Քաղցկեղի առկայությունն առաջինը տեսնում են համակարգչային շերտագրման մասնագետները:
Ամբողջ աշխարհում ընդունված է, որ մասնագետը պատասխանը գրում է բուժող բժշկի համար: Ռադիոլոգ Շաքե Հմայակյանն ասում է, որ Հայաստանում այլ է` հիվանդը հենց այդ պահին ուզում է իմանալ` ինչ տեսավ մասնագետը, եւ իրենք շատ հաճախ ստիպված են լինում առաջինը հայտնել լուրը. «Հիվանդի խառնվածքից, հիվանդության վերաբերյալ տեղեկացվածության աստիճանից է կախված՝ ինչպես հայտնել»:
Կարեւոր է նաեւ այն, թե ինչպես պետք է հիվանդը պահի իրեն, երբ արդեն գիտի, որ ունի քաղցկեղ: Ուռուցքաբանն ասում է՝ դրական արդյունք ունենալու համար շատ կարեւոր է հիվանդի տրամադրվածությունը. «Պետք է մտածեն, որ ուժեղ են եւ հաղթահարելու են։ Այդ դեպքում բուժումը շատ ավելի թեթեւ, հանգիստ եւ առանց կողմնակի ազդեցությունների է անցնում»:
Շատ հաճախ համացանցում տարածվում են նյութեր, որոնցում խորհուրդ են տալիս քաղցկեղը բուժել տնային պայմաններում՝ սոդայով, լիմոնով, ջրածնի պերօքսիդով եւ այլն:
Բժիշկները հորդորում են չհավատալ. «Ամբողջ աշխարհում ընդունված է իմունոթերապիան, քիմիաթերապեւտիկ եւ/ կամ ճառագայթային բուժումը, սրանք են այս պահին քաղցկեղի դեմ ամենաարդյունավետը»,- ասում է ռադիոլոգը:
Հարկ է հաշվի առնել, որ միայն արտաքին գործոնները չեն նպաստում քաղցկեղի առաջացմանը: Լինում են դեպքեր, երբ նորածին երեխայի մոտ է ախտորոշվում հիվանդությունը:
Այս հանգամանքը կարեւորելով` պետք է գոնե տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ հետազոտություն անցնել, որպեսզի հիվանդության առկայության դեպքում գոնե այն հայտաբերվի վաղ փուլերում:
Ուռուցքաբանն ասում է` վաղ հայտնաբերելով՝ կանխվում է զարգացումն ու տարածումը: Հավաստիացնում է՝ քաղցկեղը լիարժեք բուժվում է, եթե կա գիտակից հիվանդ եւ հմուտ բժիշկ։
Անի Քոչարը եւս հորդորում է, որ մարդիկ առանց տեսանելի եւ թվացյալ ազդակների տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ հետազոտություն անցնեն. «Ավելի հեշտ է հիվանդությունը կանխարգելել, վաղ փուլերում բուժել եւ կանխել, քան հետագայում փորձել բուժել»:
Լիլիթ Ապրեսյան