Ուկրաինայում գտնվող ցանկացած ֆրանսիացի զինվորական՝ հրահանգչի կամ վարձկանի կարգավիճակով, օրինական թիրախ է Ռուսաստանի Դաշնության համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինչ վերաբերում է ֆրանսիացի հրահանգիչների հարցին, ես հիմքեր ունեմ ենթադրելու, եւ կան բազմաթիվ կոնկրետ փաստեր, որ նրանք արդեն աշխատում են Ուկրաինայում։ Անկախ նրանից՝ նրանք Ֆրանսիայի զինված ուժերի անդամներ են, թե […] պարզապես վարձկաններ, նրանք օրինական թիրախ են մեր զինված ուժերի համար»,-ասել է Լավրովը։
Ավելի վաղ Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական շրջանակների աղբյուրներին, հայտնել էր, որ Ֆրանսիան կարող է ռազմական հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա արդեն այս շաբաթ՝ չնայած Ռուսաստանի հետ անմիջական բախման վտանգի։ Լրատվականի խոսքով, սկզբնական փուլում Փարիզը կարող է ուղարկել սահմանափակ թվով հրահանգիչներ, իսկ հետո նախատեսում է այն հասցնել մի քանի հարյուրի։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ այս առաքելությունը չի գործելու Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի հովանու ներքո։