Հայաստանը դադարել է հետաքրքրություն ցուցաբերել Ռուսաստանի հետ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարության միջոցով շփումների նկատմամբ, ինչը Արեւմուտքի ճնշման արդյունք է, ռուսական TACC գործակալության հետ զրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«2023 թվականի նոյեմբերից արտգործնախարարների հանդիպումներ չեն եղել։ Գործընկերները շահագրգռված չէին մեր առաջարկությամբ՝ մշակելու եւ կնքելու արտաքին գործերի նախարարությունների միջեւ խորհրդակցությունների մեկ այլ ծրագիր։ Մեր մեղավորությամբ չէ, որ պաշտպանության գերատեսչությունների միջեւ շփումների դինամիկան նկատելիորեն նվազել է։ Նվազել է նաեւ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Մենք դա տեսնում ենք որպես Արեւմուտքի ճնշման արդյունք, որոնք փորձում են Երեւանին ստիպել նվազագույնի հասցնել մեր երկրի հետ կապերը»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Գալուզինը նաեւ հույս է հայտնել, որ միջպետական խնդրահարույց հարցերի շուրջ համատեղ աշխատելու պատրաստակամության մասին Հայաստանից հնչող հայտարարությունները կյանքի կկոչվեն։ «Մենք պատրաստ ենք դրանք»,-նշել է դիվանագետը։
Միաժամանակ փոխարտգործնախարարը նշել է, որ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ երկկողմ շփումները չեն ընդհատվում։
«Օրերս՝ մայիսի 8-ին, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի շրջանակում, մանրամասն զրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը փետրվարին հանդիպել է իր հայ գործընկերոջ հետ»,-հիշեցրել է Գալուզինը։
Նրա խոսքերով հարաբերությունների ամենանշանակալի արդյունքները գրանցվել են առեւտրատնտեսական ոլորտում, որը տնտեսական համագործակցության միջկառավարական խորհրդի լավ աշխատանքների արդյունքն է։