Հայաստանի հապճեպ քայլերը կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) այլ երկրների հետ միասնական պաշտպանական տարածք ստեղծելու համատեղ աշխատանքին վերադառնալը։ Այս մասին TACC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով, այնպիսի տպավորություն է, որ Երեւանը ցանկանում է օգտվել այն պահից, երբ Արեւմուտքը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում փոխգործակցության ամրապնդման, այդ թվում՝ անվտանգության ոլորտում համագործակցության համար։
«Այնուամենայնիվ, հապճեպ որոշումները, որոնք արեւմտյան երկրների համար կապահովեն ազգային տվյալների բազաներ եւ երկրի անվտանգության համար զգայուն տեղեկությունների լիարժեք հասանելիություն, ոչ միայն ի վերջո սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլեւ կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի եւ ՀԱՊԿ այլ դաշնակիցների հետ համատեղ ընդհանուր պաշտպանական տարածք ստեղծելու աշխատանքին վերադառնալը»,-նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Գալուզինը վստահություն է հայտնել, որ Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներին բխում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերից եւ ծառայում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանը։
«Ինչ էլ որ խոստանան Երեւանին սիրաշահող Արեւմտյան երկրները, այսօր Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի համար ՀԱՊԿ-ին որպես արդյունավետ այլընտրանք չկա»,-նշել է Գալուզինը։