Հայաստանի Սահմանադրությունը, օրենսդրական ակտերը եւ Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված այլ փաստաթղթերը տարածքային պահանջներ են պարունակում հարեւան պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն բայրամովը՝ անդրադարձ կատարելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախօրեին հնչեցրած այն հայտարարությանը թե Երեւանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի մեջ չեն դիտարկում սահմանադրությունների փոփոխության հարցը։
«Հայ հասարակության մեջ նման քննարկումների առկայությունը հուշում է, որ հայկական պետությունն ու հասարակությունը ճանաչում է իր համար այդ փաստերի գոյության վնասակարությունը։ Որոշ դեպքերում, երբ բանակցային գործընթացում ընդգծվում են Հայաստանի համար ոչ տեղին, այսպես ասած, կետերը, փորձ է արվում արհեստականորեն հայելային էֆեկտ ստեղծել, նույնիսկ եթե դա Ադրբեջանում նմանը չունի»,-ասել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Բայրամովը նշել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի կողմից Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանադրությունների շուրջ զուգահեռներ անցկացնելու փորձը, « հեռու է իրականությունից եւ անընդունելի է»։
«Ադրբեջանի Սահմանադրությունը եւ այլ օրենսդրական ակտերը տարածքային պահանջներ չեն պարունակում հարեւան պետությունների եւ Հայաստանի նկատմամբ։ Ուստի այս հարցում զուգահեռներ անցկացնելու փորձերն անընդունելի են»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։