Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնում է երկրի երկու քաղաքացիների ձերբակալության մասին՝ ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք պահելու համար, ովքեր կասկածվում են նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ։
Ձերբակալությունն իրականացվել է ահաբեկչական հանցագործության հետաքննության շրջանակներում իրականացված օպերատիվ հետախուզման եւ քննչական միջոցառումների արդյունքում։ Պետանվտանգության ծառայության տվյալներով՝ հատուկ գործողությունն իրականացվել է Բաթումի քաղաքի երկու վայրում միաժամանակ։
Ձերբակալվածների տներից առգրավվել են ինքնաձիգեր, ատրճանակներ, ձեռքի նռնակներ, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության խորհրդանիշներով դրոշներ եւ հետաքննության համար կարեւոր տարբեր տեսակի ապացույցներ։
«Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնում հետաքննություն է իրականացվում Քրեական օրենսգրքի 236-րդ եւ 328-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են ազատազրկում 3-ից 6 տարի ժամկետով եւ 10-ից 17 տարի ժամկետով։ Միեւնույն ժամանակ ակտիվորեն իրականացվում են հակաահաբեկչական միջոցառումներ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կալանավորվածների կապերը բացահայտելու ուղղությամբ»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։