Իսպանիայի իշխանությունները որոշել են միանալ Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից Իսրայելի դեմ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարան ներկայացված հայցին։ Այս մասին լրագրողներին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
«Իսպանիան պատրաստվում է միջնորդել Արդարադատության միջազգային դատարանի գործին, որը Հարավաֆրիկյան Հանրապետությունը հարուցել է Գազայում տիրող իրավիճակի պատճառով», — ասել է դիվանագետը։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մադրիդը Գազայում տեղի ունեցողը համարում է ցեղասպանություն, ԱԳ նախարարը նշել է. «Դա դատարանի գործն է, եւ Իսպանիան կաջակցի որոշմանը»։
Իսպանիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները վատթարացել են Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչելու Մադրիդի որոշման ֆոնին: Մայիսի 27-ին Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ իր գերատեսչությանը կարգադրել է նոտա ուղարկել հրեական պետությունում թագավորության դեսպանատանը՝ արգելելով Երուսաղեմում Իսպանիայի հյուպատոսությանը ծառայություններ մատուցել Արեւմտյան ափի պաղեստինցիներին։
Հարավաֆրիկյան Հանրապետությունը Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ գործը հարուցել էր 2023 թվականի դեկտեմբերի 29-ին։ Հարավաֆրիկյան կողմն իր միջնորդության մեջ դատարանից պահանջում է Գազայի հատվածում Իսրայելի իշխանությունների գործողությունները ճանաչել որպես ցեղասպանություն են, քանի որ դրանք իրականացվում են «Գազայում պաղեստինցիներին ոչնչացնելու հատուկ մտադրությամբ՝ որպես պաղեստինյան ավելի մեծ ազգային, ռասայական եւ էթնիկ խմբի մաս»:
Հունվարի 26-ին Դատարանը որոշում կայացրեց, որ Իսրայելը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Գազայում ցեղասպանությունը կանխելու համար: Ավելի ուշ դատարանը հայտարարեց նաեւ, որ հրեական պետությունը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական հարձակումը Գազայի հարավային Ռաֆահ քաղաքի ուղղությամբ եւ բաց պահի Ռաֆահի անցակետը պաղեստինցիներին անհրաժեշտ քանակությամբ մարդասիրական օգնություն մատակարարելու համար։